Ավանի թիվ 1 ընտրատարածքում պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյաը հայտարարությունէ  տարածել այսօր` դեկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների վերաբերյալ: Թեկնածու նախընտրական շտաբի հայտարարության մեջ ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,
Ավարտվեց թիվ 1 ընտրատարածքի մեծամասնական ընտրակարգով ԱԺ լրացուցիչ ընտրությունների քվեարկության փուլը: 
Ընտրական տեղամասերի բացվելուց ի վեր արձանագրվեցին ընտրախախտումներ, որ հետզհետե ձեռք բերեցին զանգվածային ծավալներ: Դեռ մինչեւ ընտրութունը մենք ահազանգել էինք ԿԸՀ` պահանջելով կանխել մայիսյան ընտրություններում դրոշմակնիքների հետ կատարվածը: Դա չարվեց: Նորից դրոշմակնիքները զանգվածաբար անհետանում էին անձնագրերից:

Երթուղային ուղեգծերի եւ տաքսի ծառայությունների բազմաթիվ մեքենաներ տրամադրվել էին ընտրողներին խմբերով քվեարկության տանելու` ակնհայտ ուղղորդումով: Բազմաթիվ ընտրատեղամասերում արձանագրվել են ընտրողների կուտակումներ: Ի վերջո արձանագրվեց նաեւ քվեարկողների ցածր մասնակցություն:

Դեռ քարոզարշավում ի հայտ եկած զանգվածային օրինախախտումները նույնական շարունակություն եւ ավարտ ունեցան ընտրատեղամասերում` հաստատելով ընտրությունների ոչ ազատ, ոչ թափանցիկ եւ ոչ ժողովրդավար բնույթը: Պատկերն ամբողջանալուց հետո կդիտարկենք ընտրության արդյունքները վիճարկելու հիմքերը:
Մինչ այդ շնորհակալություն ենք հայտնում ընտրողներին, ովքեր առանց ճնշման եւ ուղղորդման մասնակցեցին ընտրություններին, եւ հատկապես նրանց, ովքեր իրենց ձայնը տվեցին մեզ»: