Թիվ 1 ընտրատարածքում ժամը 20:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 23 հազար 841 քաղաքացի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Դա կազմում է քվեարկելու իրավունք ունեցող 64 հազար 758 անձանց 36,82 տոկոսը:

Թիվ 35 ընտրատարածքում ժամը 20.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 17 հազար 390  քաղաքացի, որը կազմում է գրանցված 55 հազար 971 ընտրողների  31,07 տոկոսը:

Նշենք, որ ընտրությունների մասնակցությունը չափազանց ցածր է եղել: Մայիսի 6-ին կայացած ընտրություններին թիվ 1 ընտրատարածքում մասնակցել է 36 հազար 652 ընտրող, թիվ 35 ընտրատարածքում` 27 հազար 125 ընտրող:

Նշենք, որ այսօր` դեկտեմբերի 2-ին, թիվ 1 եւ 35 ընտրատարածքներում անց կացվեցին Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ: Գյումրիի թիվ 35 ընտրատարածքում պայքարեցին «Սովռանո» ՍՊԸ-ի» տնօրեն, Հանրապետական կուսակցության անդամ Արման Սահակյանն ու ՀՀՇ անդամ Մուրադ Գրիգորյանը, անկուսակցական Արման Խաչատրյանը ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել: Իսկ Ավանի թիվ 1 ընտրատարածքում իրար դեմ մրցեցին «Ժառանգությունից» նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը` Տարոն Մարգարյանի աներորդին, անկուսակցական Էդուարդ Պետրոսյանը, իսկ Հայ Ազգային Կոնգրեսի մաս կազմող Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը ինքնաբացարկ է հայտնել:

Ստեփան Սաֆարյան ընտրությունների ընթացքը գնահատել է որպես ոչ ազատ, ոչ թափանցիկ եւ ոչ ժողովրդավար, խախտումների մասին ահազանգել է նաեւ թիվ 35 ընտրատարածքում ՀԱԿ-ի թեկնածու Մուրադ Գրիգորյանի շտաբը: