Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով, Երեւանում տեղակայված բժշկական խոշոր կազմակերպությունները կցվել են մարզային բժշկական կենտրոններին։ Հիմնական նպատակը մարզերից դեպի մայրաքաղաքային կլինիկաներ հիվանդների հոսքի նվազեցումն է։  Թեեւ վերջին տարիներին մարզերում ժամանակակից, բարձրակարգ սարքավորումներով 12 հիվանդանոց է շահագործվել, սակայն դրանցում  դեռեւս նեղ մասնագետների պակաս կա։

Մարզային բժշկական կազմակերպություններում մասնագիտացված բժշկական օգնությունը բնակչությանը հասանելի դարձնելու նպատակով  հոկտեմբերին եւ նոյեմբերին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Նորք-Մարաշ»  բժշկական կենտրոնների, «Արաբկիր բժշկական համալիր»  ԵԴԱԻ, Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտների,  Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնագետներն այցելել են հանրապետության բոլոր մարզերը։  Կատարած այցերի ընթացքում հետազոտվել է 5778 հիվանդ։ Նրանցից 4213-ին նշանակվել է ամբուլատոր, 24-ին` հիվանդանոցային բուժում։ Այս գործընթացում ընդգրկված են նաեւ  «Սուրբ Աստվածամայր», «Քանաքեռ-Զեյթուն»,  թիվ 2 բժշկական կենտրոնները, Վնասվածքաբանական  եւ  օրթոպեդիայի  կենտրոնը,  թիվ 3 կլինիկական հիվանդանոցը, Մ.Հերացիի անվան ԵրՊԲՀ  «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը եւ «Մուրացան» համալսարանական կլինիկան, ինչպես նաեւ ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետները, ովքեր աշխատում են մարզերի գլխավոր մասնագետների հետ, անհրաժեշտության դեպքում մասնակցում  այցերին եւ մասնագիտական խորհրդատվություն տրամադրում։

Դեկտեմբեր-հունվարին մայրաքաղաքի կլինիկաների պրոֆեսորներն ու առաջատար մասնագետները վիրահատություններ կկատարեն ժամանակակից սարքավորումներով հագեցած մարզային հիվանդանոցներում։ Նրանք նաեւ տեղի մասնագետների հետ համայցեր կկատարեն,  կծանոթանան հիվանդների բուժման ընթացքին եւ խորհրդատվություն կտրամադրեն հետագա տակտիկան  հստակեցնելու ուղղությամբ։