Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 3-ին գումարած արտահերթ նիստում ընտրական օրենսգրքով սահմանված կարգով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամներ է նշանակել Ենոք Անդրեասյանին թիվ 3 ԸԸՀ-ում, Ռազմիկ Բաֆյանին` թիվ 5 ԸԸՀ-ում եւ Արմեն Մուրադյանին` թիվ 7 ԸԸՀ-ում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից:
Նիստի ընթացքում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ, համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի, ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմում կարող է ներկայացվել միայն համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչեւ ժամը 18.00-ն: Տիգրան Մուկուչյանի փոխանցմամբ` 2012թ. դեկտեմբերի 2-ին թիվ 1 եւ թիվ 35 ընտրատարածքներում կայացած Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի մասին դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:




























