Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չի ազդում իտալական մաֆիայի վրա: Իտալիայի փոքր եւ միջին բիզնեսի Confesercenti ասոցիացիայի հրապարակած տվյալներով` 2009 թվականի ընթացքում իտալական մաֆիայի եկամուտներն աճել են շուրջ 7 տոկոսով: Վերլուծաբանների գնահատմամբ` իտալական հանցավոր սինդիկատների ընդհանուր շրջանառությունը 2009 թվականին կազմել է 135 մլրդ եվրո, ընդ որում շահույթը գերազանցում է 78 մլրդ եվրոն:

«Բիզնես-24»-ի փոխանցմամբ, ասոցիացիայի հրապարակած տվյալների համաձայն, իտալական մաֆիայի եկամուտների զգալի մասն ապահովվել է զենքի եւ թմրանյութերի հետ կապված գործարքների, ինչպես նաեւ կեղծ փողերի տպագրության, փաստաթղթերի կեղծման եւ անօրինական այլ առեւտրային գործարքների արդյունքում:

Այսպիսով, իտալական մաֆիան ուղղակիորեն ազդում է երկրի գործարար միջավայրի ձեւավորման վրա, ինչի արդյունքում ճգնաժամի պայմաններում Իտալիայի ՀՆԱ-ի շուրջ 5 տոկոսով անկումն ուղեկցվել է անօրինական դաշտում եկամուտների աճով: