NEWS.am-ի Լոռիի թղթակցի տեղեկություններով՝ Վանաձորի մանկատան նախկին սան, 17-ամյա Խաչիկ Գալստյանի մասին արդեն մի քանի ամիս է հարազատները տեղեկություն չունեն: Մեզ հասած տեղեկություններով՝ դեռեւս հունիսին Խաչիկը փախել է Վանաձորի մանկատնից եւ ուղեւորվել Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի Անուշավան գյուղ՝ մոր մոտ:
NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում այս տեղեկությունը հաստատեց նաեւ Խաչիկ Գալստյանի մայրը՝ տիկին Լուսիկը. «Դեռ հունիսին ինքը մանկատնից փախավ եկավ իմ մոտ, հետո սեպտեմբերի 19-ին գնաց Արթիկ ՔԿՀ՝ հորը տեսնելու, ու էդ օրվանից մինչ օրս ոչ մի լուր չկա»,-ասաց նա: Մոր պատմելով ինքը սեպտեմբերի 19-ին որդու անհետանալու մասին տեղեկացրել է ոստիկանության ինչպես Գյումրիի, այնպես էլ Արթիկի բաժիններին: «Գնացի ոստիկանություն, դիմում գրեցի, որ երեխաս չկա, կորել է, բայց մինչ այսօր ոչ մի տեղեկություն չունեմ»,-ասաց նա: Տիկին Լուսիկի փոխանցմամբ՝ ինքը չի պատկերացնում, թե ուր գնացած կարող է լինել որդին:
Իսկ ահա Վանաձորի մանկատան տնօրեն Արշալույս Հարությունյանը, հերքելով վերը նշված վարկածն, իր հերթին նշեց, որ Խաչիկ Գալստանն արդեն դուրս է գրվել մանկատնից՝ մոր դիմումի համաձայն, եւ մանկատան հետ որեւէ կապ այս պահին Խաչիկ Գալստյանը չունի:
Ոստիկանության լրատվության վարչությունից NEWS.am-ի Լոռիի թղթակցին հայտնեցին, որ ոստիկանության Շիրակի մարզի Գյումրիի եւ Արթիկի բաժիններում նման տվյալներով անձի մասին հաղորդում չի ստացվել:
Մինչդեռ մայրը մեզ հետ զրույցում բազմիցս պնդեց, որ ինքը անձամբ է դիմում գրել, նույնիսկ ոստիկանությունից են իր հետ հանդիպել թեմայի հետ կապված:
Նշենք, որ մեր հավաստի տեղեկություններով, Խաչիկ Գալստյանը բազմիցս է փախուստի դիմել Վանաձորի մանկատնից, այնուհետ կրկին ինքնակամ վերադարձել մանկատուն: Իսկ թե ուր է 17-ամյա պատանին, դեռեւս ոչ ոք չգիտի:
Նշենք, որ Խաչիկ Գալստյանը Վանաձորի մանկատանն է հայտնվել 3 տարեկան հասակում՝ 7-ամյա եղբոր՝ Գեւորգ Գալստյանի հետ: Վերջինս վաղուց է դուրս գրվել Վանաձորի մանկատնից եւ իր փոխանցմամբ, տեղեկություններ չունի եղբոր գտնվելու վայրի մասին:


























