Հայաստանի ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել զանգվածային լրատվության միջոցներով տարածված տեղեկատվության վերաբերյալ, թե Էրեբունու վարչական շրջանում, բենզալցակայանում ծեծի է ենթարկվել Ստանիսլավսկու անվան թատրոնի դերասան  Սերգեյ Գրիգորյանը: Որոշ լրատվամիջոցներ էլ շտապեցին ոստիկանությանը մեղադրել, որ այդ կապակցությամբ հրատապ տեղեկատվություն չի տարածել:

«Այդ մեղադրանքը անհիմն է: Սերգեյ Գրիգորյանը եւ նրա հարազատները հիվանդանոց մեկնած ոստիկաններին հայտնել էին, որ նա վայր է ընկել տանը: Հարկ ենք համարում հիշեցնել, որ այդ կարգի միջադեպերի վերաբերյալ ոստիկանությունը տեղեկատվություն պաշտոնական կայքէջում չի տեղադրում:

Հավելենք, որ այսօր, երբ  ոստիկանները կրկին այցելել են Սերգեյ Գրիգորյանին, նա դարձյալ հերքել է ծեծի մասին լուրերը եւ ասել հետեւյալը. «Նոյեմբերի 29-ին, ժամը 16.30-ի սահմաններում, գտնվել եմ տանը եւ ցանկանում էի նոր վերանորոգած տան հյուրասենյակում բացել օդանցքը, որի համար կանգնել եմ ալյումինե աստիճանի վրա, սակայն երկկողմանի բացվող փականը չեմ ամրացրել… ոտքերիս տակից աստիճանը փախել է, եւ ես վայր եմ ընկել լամինատե հատակին, իսկ գլուխս դիպել է բազկաթոռի թեւի հատվածին… Դրանից հետո երեկոյան ժամին տուն են եկել ծնողներս, որոնց պատմեցի կատարվածի մասին եւ գլխիս սառը դրեցին: Հաջորդ օրը գտնվել եմ տանը, անկողնային վիճակում: Երեկոյան ժամին ուժեղ գլխացավեր եմ ունեցել եւ առավոտյան ապահովության համար դիմել եմ թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ ունեմ գլխուղեղի ցնցում»:

Սա կատարվածի վերաբերյալ Սերգեյ Գրիգորյանի բացատրությունն է՝ առանց մեկնաբանությունների:

Տեղի ունեցածի հանգամանքները ճշտելու եւ ամբողջական պատկերը պարզելու ուղղությամբ ոստիկանության միջոցառումները շարունակվում են:

Իսկ մենք զանգվածային լրատվության միջոցներին կրկին հորդորում ենք զերծ մնալ անհարկի ու վնասակար շտապողականությունից, համակողմանի ուսումնասիրել իրողությունները եւ հանրությանը ներկայացնել ոստիկանության հետ համագործակցության արդյունքում մինչեւ վերջ ստուգված ու հավաստի տեղեկատվություն»,- նշվում է ոստիկանության հաղորդագրության մեջ: