Ստեղծվել է iTechnology.am թվային առցանց ամսագիր: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին iTechnology.am կայքը նախաձեռնող խումբը: Այն իր թվային առաջնաելույթը կմեկնարկի Ստենֆորդի համալսարանում անցկացվող ԱրմԹեք-2012 Կոնգրեսին (Arm-Tech Congress 2012): Սփյուռքահայերի կողմից ստեղծված նորարարական թվային առցանց այս ամսագիրը ինտերակտիվ տարբերակով ներկայացնում է տեխնոլոգիական եւ գործարար լուրեր եւ հոդվածներ:
Ամսագիրը թողարկվում է երեք լեզուներով՝ անգլերեն, հայերեն եւ ռուսերեն: Թվային առցանց ամսագրի առաջին համարը հասանելի է www.itechnology.am կայքում: Այն նախագծված է iPad-ի, iPhone-ի եւ այլ բջջային սարքավորումների համար:
Թողարկումը հասանելի է, անվճար բոլոր մասնագետների համար, ովքեր հետաքրքրված են ՏՏ բիզնեսը Հայաստանում եւ ամբողջ աշխարհում զարգացնելու գործում: «iTechnology.am թվային առցանց ամսագիրը Հայաստանի ՏՏ բիզնեսի համար մի նոր տիրույթ է: Ստեղծված է նոր ձայն տալու Հայաստանում արագ աճող ՏՏ ոլորտին»,- հայտնեցին նրանք:




























