Հայաստանի մշակույթի նախարարությունը պատասխանել է «Պահպանենք պատմության հուշարձանները»  քաղաքացիական նախաձեռնությանը:

««Պահպանենք պատմության հուշարձանները»  քաղաքացիական նախաձեռնությունը  մի շարք  լրատվամիջոցներով հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ

ս. թ. նոյեմբերի 9-ին Երեւանում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ քաղաքացիական նախաձեռնության կողմից նամակ է հանձնվել մշակույթի նախարարությանը, որին ՀՀ մշակույթի նախարարությունը չի պատասխանել օրենքով սահմանված կարգով՝ մեկ ամսվա ընթացքում:

Այնինչ, 2012 թվականի նոյեմբերի 9-ին  ՀՀ կառավարությանը հասցեագրած  եւ  2012  թվականի նոյեմբերի  13-ին Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը վերահասցեագրված, ինչպես նաեւ 2012 թվականի նոյեմբերի 9-ին ՀՀ մշակույթի նախարարին ուղղված «Պատմական հուշարձանների պահպանության» նախաձեռնության անդամ  Տ. Մարտիրոսյանի գրավոր հարցմանը ՀՀ մշակույթի նախարարությունը պատասխանել է օրենքով սահմանված ժամկետում՝ նամակը ստորագրվել է  դեկտեմբերի 7-ին, առաքվել՝ դեկտեմբերի 10-ին /դեկտեմբերի 8-ը եւ 9-ը՝ ոչ աշխատանքային օրեր են/, ըստ հարցերի հերթականության: 

Նշենք, որ նամակը դեկտեմբերի 13-ին փոստային ծառայությունից համապատասխան կնիքով վերադարձվել է ՀՀ մշակույթի նախարարություն, որտեղ հասցեատիրոջ անվան դիմաց նշված է «Անհայտ»:   

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ սույն հասցեն իրենց նամակում ձեռագրով նշել է «Պատմական հուշարձանների պահպանության» նախաձեռնության անդամ  Տ. Մարտիրոսյանը:

ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության եւ ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ Նորա Դայանը նամակի վերադարձման հարցով հեռախոսազրույց է ունեցել Տ. Մարտիրոսյանի հետ, վերջինս էլ նշել է, որ չի բնակվում տվյալ հասցեում, հետեւաբար, իրեն չեն կարողացել հանձնել նամակը: Նախարարության աշխատակիցը առաջարկել է նամակը ստանալ առձեռն՝ ՀՀ մշակույթի նախարարությունից»,- ասվում է հաղորդագրության մեջ: