Թուրքիայում սկանդալային բացահայտումներով կարճ ժամանակահատվածում բավականին ազդեցիկ թերթի համբավ ձեռք բերած Taraf-ի գլխավոր խմբագիր Ահմեդ Ալթանը թերթից հեռանալու մասին հաստատելուց հետո գրել է վերջին հրապարակումը.

«Ամեն մի պատմություն էլ վերջ ունի։ Հրաշալի արկածներ ունեցա, որի մեջ մարդկային ամեն զգացում կար։ Կատակերգությունից մինչեւ ողբերգություն։ Ամեն տեսակ բան այստեղ միասին տեսանք, ծիծաղեցինք եւ արտասվեցինք։

Կարծում եմ՝ մի օր այս թերթի ուսումնասիրությունները թեմա կդառնան ֆիլմերի եւ վեպերի համար։ Նման թերթ հրատարակող, մեծ տառապանքներ կրած Բաշար Ասլանն (սեփականատեր-խմբ) ամեն դեպքում գլխավոր դերում պետք է լինի։ Նա արժանի է դրան։ Նրա արածը մինչ այսօր ոչ ոք չի համարձակվել անել։ Այս թերթը զրոյից կառուցած Ալեւ Էրը եւ այս թերթի հերոսներից է։ Առանց նրա այս թերթը երբեք չեր կարող ստեղծվել։

Յասեմին Չոնգարն (փոխխմբագիր-խմբ) էլ այս թերթի ոգին էր, մի պահ նա էր պահում թերթը։  Ամեն թերթում էլ լավ գրող լրագրողներ կան, սակայն ուռճացված չի լինի, եթե ասենք, որ այսքան ճիշտ եւ սիրտ ունեցող լրագրողներ միասին որեւէ այլ թերթում չկան։ Նրանք բոլորն իմ երեխաներն են։ Ես իրենց իմ երեխաների պես եմ ընդունել։ Նրանց մեծ մասը լրագրությունն այստեղ է սկսել։ Նրանք ոչ միայն իմ երեխաներն են, այլ միեւնույն ժամանակ իմ հերոսները։ Ստամբուլում, Անակարայում, Անատոլիայի քաղաքներում, ավաններում եւ գյուղերում շատ դժվարին պայմաններում են աշխատել։ Չեն հիասթափվել ցավերից, չեն փախչել աղքատությունից։ Սկզբունքների եւ հավատացածների համար հրաժարվել են շատ բաներից եւ դատվել են։

Նրանք միասին ցույց տվեցին այս երկրին, թե սկզբունքային եւ ճիշտ լրագրությունը որն է։ Անմոռանալի 5 տարի աշխատեցի այստեղ։ Սակայն արդեն հեռանալու ժամանակն է։ Վերադառնում եմ իմ հիմնական գործին՝ իմ վեպին։

Այս թերթը հանձնում եմ մշտապես մեզ աջակցած, մեզ սիրտ տված, մեզ երբեք միայնակ չթողած ընթերցողներին».-գրել է Ահմեդ Ալթանը։

Նշենք, որ մշտապես Հայոց ցեղասպանության մասին հրապարակումներով հայտնի Taraf թերթի գլխավոր խմբագրի հետ միասին թերթը լքելու որոշում են կայացրել խմբագրակազմի 80 տոկոսը, այդ թվում եւ թերթի համակարգող հայազգի Մարգար Եսայանը։