2010 թվականի հունվար ամսին, 2009-ի դեկտեմբերի համեմատ, Հայաստանում արձանագրվել է սպառողական գների 1,7 տոկոսանոց աճ: Այս մասին նշված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2010թ. հունվարին» զեկույցում: Ըստ զեկույցի` 2010-ի հունվարին՝ 2009-ի դեկտեմբերի համեմատ, պարենային ապրանքների գներն աճել են 3.6 տոկոսով, իսկ ահա ոչ պարենային ապրանքների շուկայում եւ ծառայությունների ոլորտում գները նվազել են 0,1 տոկոսով:
Մասնավորապես, թանկացել է մսամթերքը, ձկնամթերքը, մրգերն ու բանջարեղենը, որոնց գներն աճել են 3,2-26 տոկոսով: Այսպես՝ մսամթերքը 2009-ի հունվարի համեմատ թանկացել է 5.9 տոկոսով, իսկ 2009-ի դեկտեմբերի համեմատ` 3.2 տոկոսով: Թանկացել է հատկապես տավարի միսը (6,9 տոկոս) եւ ոչխարի միսը (8,3 տոկոս):
Ոչ պարենային ապրանքների շուկայում արձանագրվել է բենզինի, դիզելային վառելիքի, համապատասխանաբար՝ 2,1 տոկոսանոց եւ 0,1 տոկոսանոց գնանկում: Իսկ ահա 2009-ի հունվարի համեմատ բենզինի եւ դիզելային վառելիքի գներն աճել են, համապատասխանաբար՝ 39,8 եւ 25,2 տոկոսով, իսկ 2005թ. համեմատ` 9.9% եւ 17.7%-ով:



























