Մետադոնային բուժում նշանակող հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին որոշել է բավարարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ավելի վաղ բերանը կարած եւ ոտքերին մեխեր խփած Արթուր Սմբատյանի դիմումը եւ նրան ընդգրկել է պետական ծրագրում: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արդարադատության նախարարությունից: Հայաստանի արդարադատության նախարար Հ. Թովմասյանի հրամանով նշանակված ծառայողական քննությունը շարունակվում է: Արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնեն:

Նշենք, որ օրեր առաջ մամուլում  հրապարակել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալ Արթուր Սմբատյանի բողոքը, իսկ այսօր նաեւ նրա մոր՝ Ռոզա Սարդարյանի նամակն այն մասին, որ քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը «տարբեր պատճառաբանություններով մերժում է դատապարտյալին ընդգրկել «Մետադոն» կոչվող ծրագրում»:

 ««Մետադոնային փոխարինող բուժման» ծրագրի մեջ ընդգրկված անձը պարտավորվում է բուժման ողջ ընթացքում առանց բժշկի նշանակման չօգտագործել որեւէ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ»,- տեղեկանում ենք Արդարադատության նախարարության կայքից: