Վրաստանի սահմանադրության մեջ այլեւս չի լինի «Հարավային Օսիա» արտահայտությունը: Նման որոշում է կայացվել սահմանադրական հանձնաժողովի տարածքային կառուցվածքի եւ տեղական ինքնակառավարման հարցերով աշխատանքային խմբի երկրորդ նիստում:

«Վրաստանի սահմանադրության մեջ այդ տարածքին կտրամադրվի հատուկ կարգավիճակ՝ ինքնավարության իրավունքներով, բայց ոչ „Հարավային Օսիա“ անվանմամբ»,- հայտարարել է խմբի նախագահ Կախի Կուրաշվիլին:

Աջարիայի եւ Աբխազիայի ինքնավար հանրապետությունների կարգավիճակները սահմանադրության մեջ կնշվեն ընդհանուր ձեւով: Դրանից հետո այդ հանրապետությունները կընդունեն սեփական սահմանդրությունները, որոնք կհամապատասխանեն Վրաստանի սահմանադրությանը: «Կարեւոր է, որպեսզի սահմանադրությունը թույլ տա, Աջարիան ու Աբխազիան իրենց իրավասության շրջանակներում ունենան ասիմետրիկ կարգավիճակներ, ինչը նշանակում է, որ նրանցից մեկը կարող է ավելի շատ իրավունքներ ունենալ, քան մյուսը»:,- հայտարարել է Կուրաշվիլին:

Աշխատանքային խումբը միաձայն պաշտպանել են Վրաստանի տարածքային ներկա կառուցվածքի սկզբունքը: Ըստ այդմ, Վրաստանը կունենա 13 ադմինիստրատիվ-տարածքային միավոր, որոնց շարքում կլինեն Աբխազիայի եւ Աջարիայի ինքնավար հանրապետությունները, Ցխինվալիի շրջանը, իր հատուկ կարգավիճակով, ինչպես նաեւ երկրամասի կարգավիճակ ունեցող Թբիլիսիի մարզը: