Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դեկտեմբերի 19-ի գագաթաժողովում կքննարկվեն ՀԱՊԿ-ից Ուզբեկստանի դուրս գալու դիմումը եւ արտակարգ իրավիճակներում համատեղ արձագանքման ուժերի ստեղծումը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Այդ մասին ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների եւ անվտանգության խորհրդի քարտուղարների մակարդակով հանդիպման վերջում հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Ըստ նրա՝ հանդիպման ընթացքում նաեւ որոշվել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների, արտգործնախարարների, անվտանգության խորհրդի քարտուղարների հաջորդ համատեղ հանդիպումը կանցկացվի 2013թ. Բիշքեկում:
Նշենք, որ հունիսի վերջին Ուզբեկստանը ՀԱՊԿ-ի քարտուղարություն կազմակերպության գործունեությանը իր մասնակցությունը դադարեցնելու մասին նոտա էր ներկայացրել:
Ուզբեկստանի անդամությունը դադարեցվելուց հետո ՀԱՊԿ-ի անդամներ են մնում Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը: Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը (ՀԱՊ) ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին ԱՊՀ երկրների կողմից:





























