Կրեմլում տեղի է ունենում ՀԱՊԿ երկրների ղեկավարների նեղ շրջանակով հանդիպումը: Հանդիպմանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի նախագահները, ինչպես նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ որպես կազմակերպության նախագահ կատարած աշխատանքի համար եւ հիշեցրել, որ նախագահությունն անցնում է Ղրղըզստանին:

Ռուսաստանի նախագահը նաեւ նշել է, որ ներկա գագաթաժողովին երկրների առաջնորդները քննարկելու լայն օրակարգ ունեն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նեղ շրջանակով հանդիպումից հետո երկրների նախագահներին կմիանան նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները:

Բանակցությունների օրակարգում են անվտանգության համակարգերի կատարելագործումը, մինչեւ 2020 թվականի ՀԱՊԿ ռազմական բաղկացուցիչի զարգացումը, իրավիճակն Աֆղանստանում, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ում իր անդամակցությունը դադարեցնելու մասին Ուզբեկստանի դիմումի քննարկումը: