Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է ԼՂ խնդրի կարգավորման հարցում Բաքվի ապակառուցողական մոտեցման եւ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները Ադրբեջանի կողմից խախտելու մասին:
«Տարածաշրջանում շարունակում է լուրջ սպառնալիք մնալ Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը ԼՂ խնդրի կարգավորման հարցում»,-ասել է նա՝ հավելելով. «Նույնիսկ միջադեպերի (երկու երկրների զորքերի շփման գծում-խմբ) հետաքննության եւ դիպուկահարներին հետ քաշելու վերաբերյալ կարծես թե ձեռք բերված պայմանավորվածությունները տորպեդահարվում են պաշտոնական Բաքվի կողմից»:
Սերժ Սարգսյանի խոսքով, Ադրբեջանում ակտիվ հակահայկական քարոզչություն է իրականացվում, Բաքուն շարունակում է տարածաշրջանում միլիտարիստական քաղաքականությունն ու սպառազինությունների մրցավազքը:
ՀՀ նախագահի ներկայացմամբ, Ղարաբաղի խնդրի լուծման միակ ուղին բանակցություններն են: «Մենք ելնում ենք նրանից, որ արդեն 18 տարի տեւող հրադադարից հետո ռազմական գործողությունների վերսկսումը եւ նույնիսկ նման սպառնալիքը միջազգային նորմերի եւ սկզբունքների ուղղակի խախտում է: Դա բռնությունների նոր ալիքի, ատելության եւ արյունահեղության ամենաանհեռատես ճանապարհն է»,-ասել է Սերժ Սարգսյանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ հիմնարար սկզբունքներից մեկը ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ փոխհարաբերությունների առաջնայնությունն է այլ երկրների հետ հարաբերությունների համեմատ: ՀՀ նախագահը ՀԱՊԿ բոլոր մասնակիցներին կոչ է արել չմոռանալ այդ սկզբունքը եւ չպաշտպանել նախաձեռնությունները, որոնք կարող են վնաս հասցնել Հայաստանի շահերին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը ՀԱՊԿ անդամ երկիր չէ:





























