Օրեր առաջ Լոռիի մարզի Պետրովկա գյուղում մորն սպանած 20-ամյա Յուրիկ Ավագիմովը տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական կենտրոն, որտեղ անցնում է դատահոգեբուժական փորձաքննություն: Այս մասին NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռիի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը:

Դատախազն անհանգստացնող է համարում ստեղծված իրավիճակն ու վիճակագրությունը, երբ հոգեկան հիվանդությամբ տառապող անձի կողմից կատարվում է առանձնապես ծանր հանցագործություն, ինչի առթիվ Շահբազյանը հանձնարարել է բոլոր դեպքերը վեր հանել: «Պետրովկա գյուղում կատարված դեպքի առթիվ նախաքննական մարմնին անձամբ հանձանարարություն եմ տվել, որ անպայման քննության առարկա դարձնել Յուրիկ Ավագիմովի հոգեբուժարանից դուրս թողնելու հանգամանքը: Քանի որ Ավագիմովը դեռեւս նոյեմբերին նույն գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում տեղափոխվել է հոգեբուժարան»,-ասաց նա, հավելելով, որ թե սպանության օրը, թե դրա նախորդ օրը ընտանիքի անդամներին ծեծի ենթարկելու հանգամանքը, արդեն իսկ ցույց են տալիս նրա ագրեսիվ վարքագիծը:

«Հենց այս ամենի հետ կապված էլ հանձնարարել եմ քննության առարկա դարձնել նաեւ էդ հանգամանքը, իսկ ընդհանուր հոգեկան հիվանդների կողմից օրինախախատումներ եւ առանձնապես ծանր հանցագործութուններ կատարելու բոլոր դեպքերը վեր են հանվելու եւ քննության առարկա դարձվելու»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե ստացվում է, որ փաստորեն Ավագիմովի նման արարքը սպասելի էր, Շաբազյանն արձագանքեց. «Չէ, չէի ասի, թե նման բան սպասելի էր, բայց դեռ այս պահին մենք փորձաքննության պատասխանը չունենք, թե Ավագիմովն արդյոք գտնվե՞լ է անմեղսունակ վիճակում, թե՝ ոչ, եւ արդյոք նա իր գործողություններին հաշիվ տվե՞լ է թե՝ ոչ, բայց մինչեւ սպանություն կատարելը, սպանության օրը եւ դրանից հետո նա գտնվել է շատ ագրեսիվ վիճակում»:

Կարեն Շահբազյանի փոխանցմամբ՝ դեռեւս գյուղում տեղի ունեցած միջադեպից առաջ նշանակված է եղել ամբուլատոր դատահոգեբուժական փորձաքննություն, որի ժամկետ նշանակված է եղել մինչեւ հունվարի 28-ը: «Այսինքն դեռ այդ նյութերով նրա վարքագիծը հիմք է տվել քրեական վարույթն իրականացնող մարմնին նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն, բայց քանի որ մինչեւ այդ Ավագիմովը հաշվառված չի եղել, դրա համար ամբուլատոր են նշանակել, բայց հիմա արդեն Ավագիմովը տեղափոխվել եւ գտնվում է Նուբարաշենի հոգեբուժարանում ստացիոնար փորձաքննության տակ»,-տեղեկացրեց նա:

NEWS.am-ի Լոռիի թղթակցի տեղեկություններով Ավագիմովը ձերբակալման օրը ոստիկանության Տաշիրի բաժնում իրեն պահել է շատ ագրեսիվ, նրա ագրեսիվ վարքը մինչ օրս չեն մոռացել նաեւ Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերում, որտեղ բերվելու ժամանակ եւս նա իրեն ագրեսիվ ու, աշխատակիցների խոսքով, մեծ «դեբոշ» է սարքել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 18-ին, առավոտան ժամը 10:00-ի սահմաններում Լոռիի մարզի Պետրովկա գյուղում 20-ամյա տղան բռունցքների բազմաթիվ հարվածներով սպանել է հարազատ մորը: Մայրասպան տղան տառապում է հոգեկան հիվանդությամբ:

Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի