Հայաստանը չի ցանկանում խթանել արտագաղթը երկրից: Այդ մասին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Ռոսիա 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում`
Ռուսական հեռուստաընկերության թղթակիցն իր հարցում խոսել է Հայաստանում ժողովրդագրական խնդրի մասին, և նշել, թե երկրում կասեցվել է ռուսաստանի համար կարևոր «Հայրենակիցներ» ծրագիրը: Ի պատասխան Սերժ Սարգսյանը նշել է. «Իսկապես դա մեր համար լուրջ խնդիր է եւ դրա պատճառով մեզ անողոքաբար քննադատում են երկրի ներսում, եւ իհարկե նրա սահմաններից դուրս ոմանք չարախնդում են»:
Հանրապետության ղեկավարը նշել է, որ ժողովրդագրությունն ու արտագաղթն այնպիսի խնդիրներ են, որոնց բախվում է ոչ միայն Հայաստանը. «Այս խնդիրը բնորոշ է բոլոր զարգացող երկրներին, սակայն Հայաստանում այս խնդիրն առավել է խորանում, քանի որ մեզ մոտ, ցավոք սրտի, ծնելիությունը ցածր է»:
Սարգսյանը վստահեցրել է, որ չնայած դրան մարդկանց ազատ տեղաշարժը սահմանափակելու մտադրություն չկա: «Մենք ոչ մի դեպքում չենք պատրաստվում անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծել նրանց համար, ովքեր փորձում են իրենց ճակատագիրը փնտրել օտարության մեջ, քանի որ երկիրը չի կարող իր սեփական քաղաքացիների համար բանտ դառնալ»,- նշել է Սարգսյանն ու ընդգծել, որ խնդրի լուծման միակ տարբերակը «այնպիսի պայմանների ստեղծումն է, որոնք մեր քաղաքացիները փորձում են գտնել այլ երկրներում»:
Սակայն, ըստ Սարգսյանի, դրա համար ժամանակ է պետք. «Համոզված եմ, որ այդ մարդիկ վերադառնալու են Հայաստան, առավել եւս, որ նրանցից ոչ մեկը գործնականում կապը Հայաստանի հետ չի խզում: Նրանք ժամանակ առ ժամանակ վերադառնում են: Ովքեր չեն կարողանում հաջողության հասնել, մշտական հիմունքներով են վերադառնում Հայաստան, իսկ նրանք, ովքեր հաջողության են հասնում, օգնում են աշխատատեղեր ստեղծել: Բոլոր դեպքերում նրանք շարունակում են մնալ հայ եւ դա լավ է»:
Խոսելով «Հայրենակիցներ» ծրագրի մասին՝ նախագահը նշել է, որ այդ ծրագիրը չի կասեցվել։ «Հարցը հետեւյալն է. Հայաստանում ապրում են ընդամենը 30.000 ռուսներ, եւ եթե խոսքը նրանց մասին է, ապա ես չեմ կարծում, թե Ռուսաստանում 30000-ը եղանակ կստեղծեն, մինչդեռ մեզ համար դա շատ կարեւոր է: Ինչո՞ւ խզենք այդ բնական կապերը, կամուրջները»,- նշել է նա ու պարզաբանել, որ որեւէ մեկի համար արգելքներ չեն դրվում. «Պարզապես չենք ցանկանում խթանել Հայաստանից արտագաղթը: Ճիշտ այնպես, ինչպես վարվում ենք մեր Սփյուռքի հետ»:
Նախագահը հիշեցրել է, որ այս վերաբերմունքն է անգամ սիրիահայության նկատմամբ. «Մենք չենք խթանում անգամ Սիրայում ապրող մեր հայրենակիցների արտագաղթը, որովհետեւ համարում ենք, որ այո, Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է, բայց չի կարելի խթանել արտագաղթն ու վերջ դնել Մերձավոր Արեւելքում՝ Սիրայում եւ մնացած վայրերում, հայկական համայնքի գոյությանը: Իրականում մենք այդ ծրագիրը չենք կասեցրել, բայց ցանկանում ենք, որ այդ մարդիկ մնան մեր երկրում»:




























