Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ամանորի եւ Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ, հյուրընկալել է Երեւանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների ու նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների եւ Երեւանի քաղաքպետին կից քաղաքաշինական խորհրդի երիտասարդական հանձնաժողովի անդամներին: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, շնորհավորելով Ամանորի եւ Սուրբ ծննդյան առթիվ՝ քաղաքապետը շնորհակալլություն է հայտնել ներկաներին արդյունավետ աշխատանքի ու համագործակցության համար։
«2012թ-ը հաջողության տարի էր հատկապես կրթական ձեռքբերումների առումով: Մեր երեխաները ձեր բարեխիղճ եւ անձնվեր աշխատանքի շնորհիվ բարձր պահեցին Երեւանի պատիվը միջազգային ամենատարբեր հեղինակավոր մրցույթներում ու օլիմպիադաներում, ինչի համար շնորհակալ ենք թե՛ նրանց եւ թե՛ ձեզ՝ սիրելի ուսուցիչներ: Ուզում եմ նաեւ ընդգծել, որ Հանրապետության նախագահի հանձնարարությամբ այս տարի վերջնական լուծում ստացավ ոլորտում առկա ամենակարեւոր խնդիրներից մեկը՝ մայրաքաղաքի կրթական հաստատությունների ջեռուցման հարցը։ Մենք այսուհետ եւս անելու ենք ամեն հնարավորը, որ հատկապես կրթության ոլորտում ձեռքբերումները լինեն շարունակական»,– ողջույնի խոսքում նշել է քաղաքապետը։
Կրթության ոլորտում ներդրած ավանդի եւ բարեխիղճ աշխատանքի համար քաղաքապետի Ոսկե մեդալով են պարգեւատրվել Երեւանի համար 133 դպրոցի դասվար Սոֆիա Ղուկասյանը, համար 42 մանկապարտեզի փոխտնօրեն Ջուլիետա Թահիանոսյանը եւ 133 դպրոցի պատմության ուսուցիչ Սուսաննա Խալաթյանը։
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատվոգրեր եւ շնորհակալագրեր է հանձնել նաեւ 34 մանկավարժների, ովքեր տարբեր մրցույթներում հաղթանակած աշակերտների ուսուցիչներ են, ընթացիկ տարվա լավագույն ցուցանիշներով մանկապարտեզների դաստիարակներ, օրինակելի դասերի հեղինակներ:
Հանդիպման ընթացքում մանկավարժներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ոլորտին ուղղված մեծ ուշադրության ու տարիներ տեւած մի շարք խնդիրների լուծում տալու, ինչպես նաեւ իրենց աշխատանքը բարձր համար։





























