NEWS.am-ի «Ամանորը հին ու նորերի հետ» շարքի շրջանակներում ներկայացնում ենք հերթական հարցազրույցը: Այս անգամ զրուցել ենք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը: 

Ամփոփում ենք 2012թ: Ինչպիսի՞ն էր անցնող տարին ձեզ համար անձնական եւ անանձնական տեսանկյունից: 

Անձնական առումով տարին ընդհանուր հաջողակ էր, բայց բարդ, լի տարատեսակ իրադարձություններով: Եղան դժվար օրեր, շատ դժվար օրեր, բայց նաեւ եղան շատ ուրախ եւ երջանիկ անմոռանալի օրեր: Վերջիններս անհամեմատ ավելի շատ էին:

Ոչ անձնական տեսանկյունից տարին եւս բարդ էր: Աշխարհն ականատես եղավ Ռամիլ Սաֆարովի էքստրադիցիայի ամոթալի իրադարձությանը, հարեւան պետության կողմից մարդասպանին հերոս կարգելու անընդունելի եւ զավեշտալի փաստին, եղան նաեւ դժվարություններ, պարտություններ... Սակայն Ձեր կողմից բնորոշված «անանձնական» ասպեկտում եւս գրանցվեցին լուրջ ձեռքբերումներ: Երկիրը հաստատուն քայլերով գնում է զարգացման ճանապարհով, եւ թող որեւէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ ճանապարհն այս տանում է դեպի արժանի ապագա: Իհարկե, արդյունքները մեկ օրում տեսանելի չեն կարող լինել, բայց շատ բան է փոխվել: Եվ դեռ շարունակվելու է: 

Ինչպե՞ս եք պատրաստվում Ամանորին: 

Դեռ մանկուց Ամանորին սպասում եմ անհամբեր, սպասում եւ հավատում եմ հրաշքների, պատրաստում նվերներ: Շատ եմ սիրում զբոսնել զարդարված փողոցներով, վայելել ամենուրեք տիրող ամանորյա կախարդական շունչը:

Կարծիք կա, որ Ամանորը հայ կանանց համար հոգս է: Հիմա դուք այդ տոնի ի՞նչն եք սիրում եւ ինչը չե՞ք սիրում: 

Եթե Ամանորին վերաբերում ես իբրեւ տոնի, հոգսերն ինքնըստինքյան թեթեւանում են: Իսկ երբ պատրաստություններ անում ես սիրով եւ ջերմությամբ, հավատացնում եմ, որ հոգսի նշույլ անգամ չի մնում:

Ամանորյա նախապատրաստություններից որո՞նք են ձեր վրա, օրինակ` գնումներ անել, սալաթ կտրտել եւ այլն: Տունը, տոնածառը ինքներդ եք զարդարում` երգելով, պարելով: 

Տոնածառը, մուտքի դուռը, ամանորյա զանազան այլ հարդարանքներ միշտ ես եմ անում: Սիրում եմ իմ ձեռքերով պատրաստել զարդարանքի ատրիբուտիկան, հպարտանում եմ, երբ հյուրերը հավանում են աշխատանքս: Միգուցե տրիվիալ հնչի, ես սիրում եմ հենց այս օրերին նայել «Բաղնիքդ անուշ» անզուգական ֆիլմը: Ինչ վերաբերում է մնացած պատրաստություններին, մեր ընտանիքում հստակ տարանջատում չկա, բոլորս միասին ենք անում:

Ինչքա՞ն է կազմում Ամանորի ձեր ծախսը գոնե մոտավորապես, անպայման գումար նշել: 

Երբեւե չեմ հաշվել, քանի որ միայն ես չեմ ծախսում, ուստի եւ միանշանակ այս հարցի հասցեատերը ես չեմ: Չեմ կարծում, որ կա հստակ սահմանված գումար, ամեն տարի տարբեր է:

Որտե՞ղ եւ ո՞ւմ հետ եք նշելու այս Ամանորը:

Ինձ համար Ամանորը խիստ ընտանեկան տոն է, Նոր տարին դիմավորում եմ տանը՝ ընտանիքիս հետ: Այս տարի եւս բացառություն չի լինելու: Շատ ուրախ եւ ջերմ մթնոլորտ է տիրում միշտ, սկզբում միմյանց ենք շնորհավորում, տոնածառի տակի նվերները նայում, հետո սկսում զանգել բոլոր հարազատներին, ընկերներին, մտերիմներին:

Դուք Ամանորից առաջ կարդո՞ւմ եք բոլոր աստղագուշակները, գուցե նաեւ այցելում գուշակների, հետեւում տենդենցներին, թե ինչ հագնել, որ տարվա խորհրդանիշ կենդանին «քաղցր աչքով» նայի ձեզ: 

Գուշակներին եւ աստղագուշակներին այդքան էլ չեմ հավատում, իսկ տարվա խորհրդանիշ կենդանին հագուստով չէ, որ «քաղցր աչքով» է նայելու՝ իմ տարին է գալիս, ես ինքս Օձի տարում եմ ծնվել: Ուստի կարծում եմ, որ հաջողակ եւ բարի տարի է լինելու:

Ամանորը մանուկ հասակում` տոպրակի սպասելիս, Ձմեռ պապիկի մորուք քաշելիս եւ այլն: Մի դրվագ կհիշեք: Ձեր ամենառոմանտիկ, ամենաուրախ եւ տխուր Ամանորը: 

Ամեն տարի Ամանորն իր խորհուրդն ու գեղեցկությունն ունի ինձ համար: Մանկուց մինչ օրս նույն սպասումներով եւ հոգու նույն թրթիռով եմ դիմավորում Նոր տարին: Իհարկե՝ անկնալիքների բովանդակությունը փոխվում է, երազանքներն ու սպասումներն են այլ, բայց հեքիաթային խորդուրդը նույնն է: Ամենառոմանտիկ եւ ամենաուրախ Ամանորները, հուսով եմ, դեռ առջեւում են, իսկ տխուրի մասին, նամանավանդ այս տոն օրով, հիշել պետք չէ:

Կարո՞ղ է նախորդ տարի Ձմեռ պապիկից խնդրել եք մանդատ, իսկ այս տարի ի՞նչ եք խնդրելու:

Ճիշտ եք, անցյալ տարվա Ձմեռ պապիկին ուղղված խնդրանքս իրականացել է՝ երկրում անց են կացվել նախադեպը չունեցող ժողովրդավարական ընտրություններ, ձեւավորվել է նոր որակի Ազգային ժողով:

Այս տարի խնդրելու եմ նույնը, եւ մենք իրոք անցկացնելու ենք արժանավայել ընտրություններ: Չէ՞ որ մենք գնում ենք դեպի ապահով Հայաստան: