Հայաստանցի դպրոցական երեխաների գրեթե 15%-ը հարցման ընթացքում խոստովանել է, որ «երբեմն» կամ «հաճախ» քաղցի զգացում են ունենում` տանն ուտելիքի պակասի կամ բացակայության պատճառով: Այդ մասին նշված է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության կողմից ՀՀ կառավարությանը ներկայացրած տեղեկանքում:

Սովորողների կողմից նշվել են նաեւ մի շարք գանգատներ` սկսած գլխացավից ու ատամնացավից, մինչեւ որովայնային ու սրտի ցավեր եւ սրտխփոց, սրտխառնոց, անքնություն եւ այլ գանգատներ, որ սովորաբար առավել հատուկ են չափահաս տարիքին: Թվարկված գանգատների մեջ առավել մեծ տոկոս է կազմում գլխացավը եւ սրտխառնոցը, ինչը հիմնականում վերագրվում է չնախաճաշելուն ու քաղցած մնալուն: Հատկապես չնախաճաշելը, քաղցած մնալը, բացասաբար են ազդում սովորողների հոգեբանական բարվոքության վրա, իսկ որոշ դեպքերում` բերում են սնուցման խանգարումների:

Հետազոտությունն իրականացվել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը մշակել է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի հայեցակարգ` այն ներկայացնելով ՀՀ կառավարության դեկտեմբերի 27-ի նիստի հաստատմանը: Ներկայում այդպիսի ծրագիր իրականացվում է 6 մարզերում` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի աջակցությամբ: Նախարարության մշակած հայեցակարգի իմաստն այն է, որ ծրագիրը համատարած դառնա Հայաստանի բոլոր մարզերում: