Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 182379 հաշմանդամություն ունեցող ունեցող անձանց Ամանորին որեւէ անակնկալ մատուցելու հնարավորություն չի ունեցել, քանի որ ՀՀ պետական բյուջեով այդ նպատակով միջոցներ նախատեսված չեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հաշմանդամների եւ տարեցների հիմանահարցերի վարչության պետ Արթուր Կեսոյանը:
Հաշմանդամների հաշվառման «Փյունիկ» տեղեկատվական համակարգում 01.07.2012 թվականի դրությամբ Հայաստանում հաշվառված է 182 հազար 379 հաշմանդամություն ունեցող անձ, որից կանայք` 84 հազար 981:
Արթուր Կեսոյանի փոխանցմամբ` հաշմանդամների թվից 1-ին խումբը 11 հազար 57 է, 2-րդ խումբը 86 հազար 402 է, իսկ 3-րդ խումբը` 76 հազար764: Հաշմանդամ երեխաները 8 հազարն 156-ն են, որոնցից` աղջիկներ` 2 հազար 571-ը: Մինչեւ 18 տարեկան 8 հազար 156 հաշմանդամ կա, 18-40 տարեկան` 26 հազար 436, իսկ, 40-63 տարեկան` 97 հազար 512, 63 եւ բարձր տարիքի` 50 հազար 275:
Վարչության պետի խոսքով` հաշմանդամություն ունեցող անձանց հիմնական խնդիրները այսօր շրջակա միջավայրի մատչելիությունն է, նրանց զբաղվածությունը եւ վերականգնողական կենտրոնների սակավությունը: Հաշմանդամները հիմնականում ապրում են ընտանիքներում: իսկ պետության կողմից ստացած կենսաթոշակը 1-ին կարգի հաշմանդամություն ունեցող անձնաց դեպքում 18200 դրամ է, 2-րդ կարգի դեպքում` 15600 դրամ, 3-ի դեպքում` 13 հազար դրամ: Իսկ եթե հաշմանդամություն ունեցող անձը ունի ստաժ, հիմնական կենսաթոշակից բացի, ստանում է նաեւ աշխատանքային կենսաթոշակ` ամեն տարվա համար 450 դրամ:
Արթուր Կեսոյանի խոսքով` հաշմանդամություն առաջացման համակարգային հիվանդություններից առաջին տեղում է արյան շրջանառության համակարգի հիվանդություններ, որոնց հետեւանքով առաջացած հաշմանդամների թիվը կազմում է ընդանուր հաշմանդամների թվի 29 %-ը: Երկրորդ տեղում է հոգեկան խանգարումներ եւ վարքի խանգարումներ` 10,8 %, այնուհետեւ` նյարդային համակարգի հիվանդություններ, նորագոյացություններ, էնդոկրին համակարգի հիվանդություններ, աչքի հիվանդություններ: Պաշտոնական տվյալներով` ներկայումս աշխատանքով ապահովված են աշխատունակ տարիքի /18-63 տարեկան/ շուրջ 8-9 տոկոսը: 2012 թվականի հուլիսի 1-ի դրությամբ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության տարածքային մարմինների կողմից տարեսկզբից հաշվառվել են 1259 հաշմանդամ, որից կին` 741, տեղավորվել են աշխատանքի` 1100-ը, որից կին` 58-ը: «Մեր պետությունը որդեգրել է հաշմանդամության սոցիալական մոդելի վրա հիմնված քաղաքականություն, ինչը ենթադրում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովում, նրանց համար հասարակության մյուս անդամների հետ հավասար պայմանների ստեղծում»,- ասաց Արթուր Կեսոյանը` շեշտելով, որ աստիճանաբար անցում է կատարվում անձին հաշմանդամ ճանաչելու բժշկական մոդելից` սոցիալական մոդելի:
Արթուր Կեսոյանը նշեց, որ այս տարի իրենց գործունեության որոշակի թերացումներ են եղել բժշկասոցիալական գործակալության, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ տարածքային մարմինների աշխատանքում, ինչի ուղղությամբ որոշակի աշխատանք է տարվում` մասնավորապես` հստակեցվում է հաշմանդամության սահմանման չափանիշների կիրարկման գործընթացը։ Փոփոխություններ են նախատեսվել նաեւ բժշկասոցիալական փորձաքննության որոշումը բողոքարկելու կարգում: 2013թ առաջնահերթ անելիքները վարչության պետը համարեց հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրում, բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչների մշակում, հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացվելիք ծրագրերի կազմակերպումն ու իրականացում:





























