Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ Ամանորի առթիվ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը եւ երեխաների պաշտպանության բաժնի պետ Իդա Խաչատրյանն այցելել են քաղաքապետարանի ենթակայության Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների N2 ու N6 հատուկ օժանդակ դպրոցներ եւ Խոսքի ծանր խանգարում ունեցող N8 հատուկ կրթահամալիր եւ քաղաքապետի անունից երեխաներին են հանձնել նվերներ, ինչպես նաեւ ամանորյա ներկայացման տոմսեր։ Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե սաները հյուրերին դիմավորել են տոնական ներկայացումներով ու համերգներով։
Երեւանի քաղաքապետարանի ենթակայության հատուկ դպրոցները, որտեղ կրթություն է ստանում հատուկ ուսուցման կարիք ունեցող 300 երեխա, երեքն են։
Հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը քաղաքապետի անունից նվերներ ու ներկայացման տոմսեր է հանձնել նաեւ «Փրկություն» հասարակական կազմակերպության ուսումնական կենտրոնի շահառուներին։ Ի դեպ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առաջարկությամբ եւ Երեւանի ավագանու որոշմամբ «Փրկություն» ՀԿ-ի զբաղեցրած տարածքը սույն թվականի օգոստոսից 5 տարի ժամկետով անհատույց տրամադրվել է «Փրկություն» ուսումնական կենտրոնին։





























