Կոլումբիայում սպանվել է հայտնի թմրաբարոն, «Նորտե դել-Վալյե» կարտելի նախկին առաջնորդ Իվան Ուրդինոլայի այրին՝ Լորենա Էնաոն:

Ոստիկանության տվյալներով՝ կինը Արմենիա քաղաքում մեքենայով, վարորդի եւ 12-ամյա դստեր հետ մոտեցել է տանը: Երբ նրանք դուրս են եկել մեքենայից, անցնող մոտոցիկլից երկու մարդասպանները կրակ են բացել նրանց վրա: Էնաոն, վարորդը եւ աղջնակը տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ ավելի ուշ վարորդն ու Էնաոն մահացել են, աղջկա կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությանը հաջողվել է դեպքի վայրից 3 կմ հեռավորության վրա գտնվող բենզալցակայանում ձերբակալել վարձու մարդասպաններին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Թմրաբարոն Ուրդինոլան մահացել է 2002 թվականին, բանտում՝ կաթվածից: Էնաոյի եղբայրը, ով նույնպես նույն թմրակարտելի անդամ էր, սպանվել է 1998 թվականին, նույնպես բանտում:

«Նորտե դել-Վալյե» թմրակարտելը թմրամիջոցների ամենախոշոր համաշխարհային մատակարարներից մեկն է. պաշտոնական տվյալների համաձայն, 1990-2004 թվականներին այն ԱՄՆ է մատակարարել շուրջ 500 տոննա կոկաին, որի գումարը կազմել է 10 մլրդ դոլար: