Հույն հասարակությունը ցնցված է կնոջ սպանությամբ, ում բռնաբարել են, իսկ հետո՝ այրել: Սպանությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 27-ին՝ երկրի հյուսիսում գտնվող Քսանթի քաղաքում:
Անհայտ անձը բռնաբարել է 34-ամյա կնոջը՝ նրա տան շեմին: Զոհի վրա բազմաթիվ մարմնական վնասվածքներ, դանակի երկու հարվածի հետք եւ գանգուղեղային վնասվածքներ են հայտնաբերվել: Վերջում հարձակվողը կնոջ վրա բենզին է լցրել ու այրել: Կնոջ ճչոցներից նրա տուն են վազել հարեւանները, այդ թվում տուժածի հայրը, բայց արդեն ուշ է եղել: Հայրը կարողացել է ճանաչել դստերը միայն բանալիով, որը կինը թողել էր դռան վրա:
Ոստիկանները ձերբակալել են 35-ամյա կասկածյալին, ով դեպքի վայրից քիչ հեռու գտնվող խանութի սեփականատերն է: Նրա դեմ ապացույցներ կան, ներառյալ ականատեսների վկայություններն ու հանցագործության վայրում կայանված մեքենայի վրայի մատնահետքերը: Ոստիկանությունը նաեւ կասկածյալի ԴՆԹ-ն համեմատում է հանցագործի ԴՆԹ-ի հետ, գրում է «Ռոսբալտը»:
Կնոջ հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Քսանթիում: Նա ապրում էր ուրիշ քաղաքում եւ Քսանթի էր եկել Ծննդյան տոները ծնողների հետ անցկացնելու համար:





























