Միլանում ավարտվել է Բեռլուսկոնիի ամուսնալուծության գործընթացը. նա իր նախկին կնոջը ամսական երեք միլիոն եվրո կվճարի: Սկանդալային քաղաքական գործչի ամուսնալուծության դատական գործընթացը տեւել է երեք տարի:

Բեռլուսկոնին օրական 100 հազար եվրո (ամսական երեք միլիոն,տարեկան 36 միլիոն) ալիմենտ կվճարի:  Ըստ օրենքի` ամուսնալուծությունից հետո կինը պետք է այնքան գումար ստանա, որքան անհրաժեշտ է ամուսնության ընթացքում վարած կենսակերպը շարունակելու համար: Նման խոշոր գումարի պատճառներից մեկն այն է, որ Լարիոն չի հավակնում անշարժ գույքին. Բեռլուսկոնիին կմնա 78 միլիոն եվրո արժեցող առանձնատունը, գրում է  gazeta.ru-ն:

Բեռլուսկոնին Լարիոյի հետ ծանոթացել էր 1980թ. եւ տասն օր անց  կնքել իր կյանքում երկրորդ պաշտոնական ամուսնության պայմանագիրը: Կինը ամուսնալուծվելու իր որոշման մասին հրապարակավ հայտարարել էր 2009թ. մայիսին, հայտնում է «dni.ru»-ն:

Ըստ որոշ տվյալների` Լարիոյի համբերության բաժակի վերջին կաթիլը եղել է  2009թ. ապրիլի 26-ին Բեռլուսկոնիի ներկայությունը 18-ամյա նեոպոլիտանուհի Նոեմի Լետիցիայի ծննդյան տոնին: Աղջիկը քաղաքական գործչին քնքուշ բառերով է դիմել: Նա հայտնել է, որ հաճախ է հանդիպում Բեռլուսկոնիին` այցելելով նրան Հռոմոմ եւ Միլանում:

Հոկտեմբերի կեսերին 76-ամյա Բեռլուսկոնին խոստովանել էր, որ հանդիպում է 28-ամյա իտալուհի Ֆրանչեսկայի հետ: Ըստ նրա` աղջկա հետ ծանոթացել էր յոթ տարի առաջ եւ  որոշել ամուսնանալ նրա հետ: