Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հունաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Իոանիս Տայիսի հետ:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե, ողջունելով դեսպանին, քաղաքապետը շնորհավորել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Երեւանի եւ հունական քաղաքների միջեւ բարեկամական ու գործընկերային կապերն այսուհետ զարգացման նոր որակ ու ընթացք կստանան. «Քաղաքապետարանը միշտ բաց է համագործակցության համար եւ պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ, որը կնպաստի երկու երկրների քաղաքների միջեւ գործընկերային հարաբերությունների զարգացմանը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, դեսպան Իոանիս Տայիսը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում նպաստել առավել ամրապնդելու երկու երկրների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները, այդ թվում նաեւ Երեւան եւ Աթենք քաղաքների միջեւ. «Երկու երկրների պատմական անցյալն ու ժողովուրդների դարավոր բարեկամությունը լավ հիմք է եւ հնարավորություն է տալիս փոխգործակցության եզրեր գտնելու ու դրանք երկուստեք զարգացնելու համար»,- նշել է դեսպանը:
Համառոտ ներկայացնելով քաղաքապետարանի ներկա ծրագրերը, կառավարման հարցում իր մոտեցումներն ու քաղաքապետարանի առաջիկա անելիքները, Տարոն Մարգարյանը կարեւորել է համագործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցեր:





























