Մեծ Բրիտանիան հանել է «հույժ գաղտնի» գրիֆը 30-ամյա հնության փաստաթղթերի վրայից, որոնք լույս են սփռում «սառը պատերազմի» ժամանակ սովետա-բրիտանական դիվանագիտության ստորջրյա խութերի վրա:
1981 թվականի գլխավոր աղմկահարույց սենսացիաներից մեկն այն է եղել, որ այն ժամանակվա Բրիտանիայի վարչապետ Մարգարեթ Թեթչերը հրաժարվել է շնորհավորել «սիրելի Լեոնիդ Իլյիչին»՝ նրա 75-ամյակի կապակցությամբ: Այդկերպ «երկաթե լեդին» վրեժ է լուծել Բրեժնեւից խորհրդային զորքերն Աֆղանստան մտցնելու եւ Լեհաստանում ռազմական դրություն հայտարարելու համար:
Մյուս հետաքրքրական փաստաթուղթը լրտեսության մեջ է մեղադրում «Աէրոֆլոտի» օդանավերը. իբր բրիտանական հետախուզությունը բռնացրել է, որ «Իլ-62»-ի անվան տակ խորհրդային «հետախույզ-օդանավեր» են եղել, որոն լրտեսություն են արել Բրիտանիայի օդային տարածքում՝ իջնելով թագավորական ռազմաօդային ուժերի բազայի վրա, մինչեւ 3 հազար մետր:
Այդ փաստաթղթերից պարզ է դառնում նաեւ, որ սիբիրյան գազը կռվացրել է «երկաթե լեդի» Թեթչերին ԱՄՆ նախկին նախագահ Ռոնալդ Ռեյգանի հետ: 1982-ին Վաշինգթոնը խոչընդոտներ է ստեղծել բրիտանական ընկերությունների համար, որոնք գազի խողովակներ էին մատակարարում «Արեւմտյան Սիբիր-Արեւելյան Եվրոպա» գազատարի շինարարության համար, հաղորդում է ՆՏՎ-ն:
Բացի այդ, եվրոպական երկրները գաղտնի պլաններ են մշակել, որպեսզի արգելեն գլխավոր խորհրդային ապրանքների՝ օղու եւ ձկնկիթի վաճառքը, բայց վերջին պահին փոշմանել են, մտածելով, որ ԽՍՀՄ-ն էլ կդադարի հայտնի բրիտանական վիսկիների գնումից:




























