Ռազմավրացական ճանապարհով (Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ միակ ավտոճանապարհը) երթեւեկությունը, որն այսօր՝ դեկտեմբերի 28-ին, փակվել էր ավտոբուսների եւ խոշոր բեռնատարների համար՝ ուժեղ ձյան պատճառով, կրկին բացվել է եւ գործում է առանց սահմանափակումների, հաղորդում է Հյուսիսային Օսիայի ԱԻՆ գլխավոր վարչությունը:
Այն փակվել էր այսօր առավոտյան ժամը 09:00-ին՝ անորոշ ժամանակով:
Դեկտեմբերի 24-ի երեկոյան այդ ճանապարհի երթեւեկությունը դադարեցվել էր՝ ձյան եւ վատ եղանակային պայմանների պատճառով:
«Վրաստանում իրավիճակի նորմալացման, վթարների սպառնալիքի նվազման, ավտոտրանսպորտի անվտանգ երթեւեկության հնարավորություն առաջանալու հետ կապված, որոշվել է թույլ տալ ավտոտրանսպորտի երթեւեկությունը Վլադիկավկազ-Լարս հատվածում, առանց սահմանափակումների»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այս ձմռանը ռազմավարական ճանապարհն արդեն մի քանի անգամ փակվել է՝ վատ եղանակային պայմանների պատճառով:




























