Մեծ Բրիտանիայում գաղտազերծել են փաստաթղթերը, որոնք վերաբերում են 1982 թվականին Ֆոլքլենդյան կղզիների համար Արգենտինայի հետ զինված հակամարտությանը: Պարզվել է, որարգենտինացիների հարձակումը բրիտանական գարնիզոնի վրա անգլիացիների համար անսպասելի է եղել, սիկ «երկաթե լեդի» Մարգարեթ Թեթչերի կառավարության դիրքորոշումը անզիջում չի եղել:

1982 թվականին Արգենտինան դեսանտ է իջեցրել վիճելի Ֆոլքլենդյան կղզիներում, որը փոքր բրիտանական գարնիզոնին ստիպել է հանձնվել: Թեթչերի համար արգենտինացիների ներխուժումը լրիվ անսպասելի է եղել: Պարզվել է, որ «Երկաթե լեդին» հիմարություն է համարել Արգենտինայի կողմից Ֆոլքլենդյան կղզիներ ներխուժելու մասին խոսակցությունները, նա այդ մասին խոստովանել է՝ հանդես գալով հակամարտության հարցերով հանձնաժողովի առաջ:

Ճիշտ է, երբ «հիմար» ներխուժումն այդուհանդերձ կատարվել է, Թեթչերը արագ այնտեղ բրիտանական ավիաջոկատ է ուղարկել: 1982-ի մայիսին կղզիների շրջանում ռազմական գործողություններ են սկսվել, որոնք շարունակվել են մինչեւ հունիսի կեսերը, երբ բրիտանացիները վերականգնել են ամբողջական վերահսկողությունը կղզիների վրա, հաղորդում է Gazeta.ru-ն:

Հրապարակված փասատթղթերից հետեւում է, որ Թեթչերը անձնական խնդրանքով դիմել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանին՝ դադարեցնել Պերուին ֆրանսիական հականավային Exocet հրթիռների մատակարարումը, որոնք կարող են արգենտինացիներին փոխանցվել:

Բուենոս Այրեսը առանց այդ էլ հակամարտությունում  Mirage ֆրանսիական ռազմական օդանավեր էր օգտագործում, որոնք մատակարարվում էին Արգենտինային:

30-ամյա հնության փաստաթղթերի գաղտազերծման արդյունքում պարզվել է, որ «Երկաթե լեդիի» դիրքորոշումը Ֆոլքլենդյան կղզիների հարցում այնդքան էլ միանշանակ չի եղել: Փաստաթղթերը վկայում են, որ Թեթչերը պատրաստ է եղել զիջումների գնալ Արգենտինայի հետ հարաբերություններում: Լոնդոնի վրա ճնշում էր գործադրում Վաշինգթոնը, որը հույս ուներ, որ բրիտանացիներն ավելի ճկուն կլինեն վիճելի կղզիների հարցում: Բայց Արգենտինայում խունտայի եւ այն ժամանակվա երկրի նախագահ Լեոնարդո Գալտյերիի անզիջում դիրքորոշման պատճառով բանակցություններն այդպես էլ չեն սկսվել: