Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմի վերականգնումն ու տեխնիկական վերազինումը կավարտվի 2013թ. հունվարի 31-ին, NEWS.am-ի թղթակցին ասաց թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` աշխատանքները, որոնք իրականացնում է ավստրիական «Վագներ» ընկերությունը, սկսվել են հունիսին: «Աշխարհում քիչ ընկերություններ կան, որոնք մասնագիտացած են օպերային բեմերի վերազինման եւ վերանորոգման հարցում: Այս ընկերությունն աշխարհում լավագույններից է»,-նշեց տնօրենը: Աշխատանքների առաջին փուլն ավարտվել է սեպտեմբերին: Հոկտեմբերից մեկնարկել են երկրորդ փուլի աշխատանքները: Բոլոր նյութերը բերվում են Ավստրիայից, աշխատանքները եւս ղեկավարում են ավստրիացի մասնագետները: Համաձայն պայմանավորվածության, աշխատանքները կավարտվեն հունվարի 31-ին:
«Հսկայական աշխատանք է կատարվել: Բեմական բոլոր սարքավորումները, լուսային եւ հնչյունային տեխնիկան փոխարինվում է ժամանակակիցով: Աշխատանքների ավարտից հետո մենք հրաշալի բեմ կունենանք, որը կհամպատասխանի բոլոր պահանջներին, որոնց մասին մենք երազում էինք երկար տարիներ»,-նշեց թատրոնի տնօրենը:
Ինչ վերաբերում է վերանորոգումից հետո հանդիսավոր բացմանը, ապա ներկայումս քննարկվում է միջոցառման ծրագիրը: Մենք ութ ամիս չենք աշխատել: Յուրաքանչյուր բեմականացում, լինի բալետ թե օպերա, փորձեր ու նոր բեմին հարմարվել է պահանջելու: Եթե խոսքը պրեմիերայի մասին է, ապա առնվազն երկու ամսվա փորձեր է պահանջվելու բեմում: Կարծում եմ, բացումը կնշանավորվի գալա –համերգով»,-նշեց Կամո Հովհաննիսյանը:





























