Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը համաձայն չէ թատրոնի գլխավոր պարուսույց Ռուդոլֆ Խառատյանի հետ` կապված փորձերի դահլիճների հետ: Խառատյանի պնդմամբ, դահլիճների հետ կապված խնդիրներ կան: NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում Հովհաննիսյանը կտրականապես չի համաձայնվել նրա հետ, նշելով, որ բալետի խումբը թատրոնի մասնաշենքի վերանորոգման ժամանակ ապահովված է եղել դահլիճներով: «Ռուդոլֆ Խառատյանն իրեն թատրոնի սահմաններից դուրս է դրել: Նրան հետաքրքրում է միայն իր անձը, բայց եթե կշեռքի նժարներին դնենք ժամանակակից բեմը եւ բալետի խմբերի փորձերը` թեեւ մենք նրանց ապահովել ենք փորձերի դահլիճներով, այնուամենայնիվ հասկացողություններն անհամեմատելի են: Բայց եթե մարդն իրեն տարանջատում է իր թիմից եւ վեհ նպատակից...Նա պետք է երախտապարտ լինի, որ իշխանությունները գոյություն ունեցող դժվար պայմաններում միջոցներ են գտել` բեմական հնարավորությունները բարելավելու համար: Բացի այդ, պետք է հիշել, որ այս բեմից կօգտվի նաեւ բալետի խումբը: Ուստի ես կարծում եմ, որ այստեղ խոսքը փաստերին չի վերաբերվում, այլ` մարդկային գործոնին: Եթե մարդը մտածում է միայն իր մասին, ապա այդպես էլ վարվում է»,- ասել է Կամո Հովհաննիսյանը:

Բալետի խումբը համալրելու հարցին ի պատասխան` թատրոնի տնօրենը նշել է, որ այն հիմնականում համալրվում է Երեւանի պարարվեստի ուսումնարանի շրջանավարտներով: «Այլ բան է, որ մենք բարձր պրոֆեսիոնալ պարողների կարիք ունենք: Ամեն մի ստեղծագործական թիմ պետք է ունենա իր առաջնորդը: Մենք շատ լավ պարողներ ունենք, բայց երիտասարդ սերնդի մեջ նոր աստղեր են հարկավոր»,-նշել է Հովհաննիսյանը: Միաժամանակ, նա հիշեցրել է, որ Հայաստանն աշխարհին շատ նշանավոր պարողներ է տվել, որոնք այժմ ելույթ են ունենում աշխարհի տարբեր թատրոններում: