Դելիի ավտոբուսում դաժանաբար բռնաբարված ուսանողուհին մահացել է Սինգապուրի «Մաունթ Էլիզաբեթ» հիվանդանոցում: «Հիվանդը մահացել է դեկտեմբերի 29-ի առավոտյան ժամը 04:45-ին», - ասվում է հիվանդանոցի հաղորդագրության մեջ: 23-ամյա ուսանողուհին Սինգապուր էր տեղափոխվել դեկտեմբերի 27-ին՝ Դելիում երեք վիրահատության ենթարկվելուց հետո:
Ըստ հիվանդանոցի գլխավոր բժշկի` ծանր վնասվածքների հետեւանքով խախտվել էր ներքին օրգանների աշխատանքը: Հաղորդվում է, որ նախքան հիվանդանոց հասնելը նրա սիրտը մեկ անգամ կանգ էր առել, բացի այդ վնասված են եղել ուղեղը, թոքերը եւ որովայնի հատվածը:
Տուժածի հարազատների հետ միասին հիվանդանոցում են եղել նաեւ Հնդկաստանի իշխանությունների ներկայացուցիչները:
Այժմ աղջկա մարմինը հայրենիք ուղարկելու նախապատրաստություններ են ընթանում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դեկտեմբերի 16-ին կատարված հանցագործությունը խուճապ էր առաջացրել ողջ Հնդկաստանում:
Դելիում զանգվածային ցույցեր են տեղի ունեցել, ոստիկանության հետ բախման հետեւանքով մահացել է մեկ իրավապահ:
Բռնաբարության մասնակցության կասկածանքով ձերբակալվել է վեց տղամարդ, երկու ոստիկան էլ հեռացվել են աշխատանքից:
Հանցագործությունը տեղի էր ունեցել, երբ 23-ամյա ուսանողուհին եւ նրա ընկերը որոշել են կինո գնալ, Մունիրկա թաղամասում նստել են ավտոբուս: Ըստ ոստիկանության` աղջկա եւ նրա ընկերոջ վրա հարձակվել են վեց տղամարդ, նրանք մեկ ժամվա ընթացքում բռնաբարել են աղջկան, հետո նրան ու ընկերուը ծեծել երկաթե ձողերով եւ նետել ընթացող ավտոբուսից: Երկրի կառավարությունը փորձում է հանդարտեցնել ժողովրդական հուզումները՝ հայտարարելով, որ մի շարք միջոցներ կձեռնարկվեն Դելիում կանանց անվտանգությունն ապահովելու համար: Կառավարությունը մտադիր է նաեւ հատուկ կայքում հրապարակել բռնաբարության համար դատապարտվածների անունները, լուսանկարները եւ հասցեները, որպեսզի «խայտառակի նրանց»:





























