NEWS.am-ի «Ամանորը հին ու նորերի հետ» շարքի շրջանակներում այս անգամ զրուցել ենք բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հետ:
Ինչպե՞ս կգնահատեք 2012-բնապահպանական տարին: Ձեր աշխատանքը 5 բալանոց սանդղակով ինչքա՞ն կգնահատեիք:
4 (ծիծաղում է- NEWS.am): Իսկ եթե ավելի առարկայական խոսելու լինենք, գնահատականներ տալիս է հանրությունը: Այս ճանապարհին, իհարկե, լինում են թե բացթողումներ, թե առավելություններ: Մենք պետք է մեր աշխատանքով լրացնենք բացերը, իսկ ձեռքբերումներն էլ ընդունենք որպես մեր ժողովրդի համատեղ աշխատանքի մաս:
Որո՞նք են բնապահպանության ոլորտում 2012թ արձանագրված ամենամեծ ձեռքբերումները եւ բացթողումները:
Ոլորտի ձեռքբերումների մասին խոսելիս նախ եւ առաջ պետք է նշել բնապահպանության գերակա ուղղություններից մեկի, մեր ազգային հարստության՝ Սեւանա լճի մասին: Վերջին տաս տարվա ընթացքում Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 3.6 մետրով եւ 2012թ. գտնվում է 1900.11 նիշի վրա: Այս տարի 317 մլն. խոր. մ. ջրբացթողումների հետեւանքով լճի մակարդակի բացասական բալանս չի արձանագրվել: Իսկ Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկման ենթակա տարածքներից մաքրվել է 110 հա տարածք: Սա բավականին կարեւոր ձեռքբերում է, որ մենք կարողացանք ապահովել: Հաջորդ ձեռք բերումը «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծումն էր: Սա, իրոք, բնության ինքնատիպ մի գողտրիկ անկյուն է, որը մեր քաղաքացիների ու օտարերկրյա հյուրերի համար շատ գրավիչ է: Բացի այդ, ընթացքի մեջ են համայնքային զարգացման ծրագրերը, մասնավորապես՝ խմելու ջրի ցանցի վերականգնման, մեղվաբուծական ասոցիացիայի ստեղծման եւ էկոգյուղի կայացման աշխատանքները:
Յուրաքանչյուր ոլորտում կան հաջողություններ եւ բացթողումներ սակայն կցանկանայի, որ մենք ամանորը դիմավորեինք դրական լիցքերով եւ 2013-ին լծվեինք նոր ծրագրերի ու չարածը անելու վճռականությամբ:
Ի՞նչ եք խոստանում անել եւ չանել 2013թ:
Խոստանում եմ ամեն ինչ անել, որ մեր բնությունը ավելի շատ պաշտպանված լինի, որովհետեւ կա մի հին արեւելյան փիլիսոփայություն. ինչպես վերաբերվում ես բնության հետ, այնպես էլ նա քեզ վերադարձնում է:
Այս տարին առանձնացավ բնապահպանների առանձնակի ակտիվությամբ, դա ձեզ ավելի շատ խանգարե՞ց, թե՞ օգնեց:
Եվ օգնեց եւ խանգարեց: Որոշ դեպքերում մեր բնապահպանների ահազանգերը մեզ օգնում էին Հայաստանի բնության պահպանման խնդիրների լուծման առումով, բայց նաեւ կային մեղադրանքներ, որոնք անհիմն էին:
Որո՞նք եք համարում 2012-բնապահպանական տարվա սենսացիան:
Այն որ բնապահպանները Խոսրովի արգելոցում ու դրա շրջակայքում հայտնաբերել էին որսագողության մի քանի դեպքեր: Սա արտառոց բան էր: Խոսրովի արգելոցը կարելի է դասել համաշխարհային նշանակություն ունեցող բնության հատուկ պահպանվող տարածքների շարքին, քանի որ այն աշխարհի հնագույն հատուկ պահպանվող տարծքներից է եւ մենք պետք է ջանք չխնայենք, որպեսզի այն պահենք, պահպանենք:
Հաջորդ հարցն էլ Ամանորի վերաբերյալ: Ի՞նչ եք խնդրել Ձմեռ պապիկից` նվեր, թե Ձյունանուշ:
(ծիծաղում է-NEWS.am): Ձմեռ պապիկից խնդրում եմ խաղաղություն ու հաջողություններ Հայաստան երկրին ու համայն հայությանը:
Ի՞նչ եք սիրում ուտել Ամանորին, որքանո՞վ եք մասնակցել նախապատրաստական աշխատանքներին: Երեխաների համար Ձմեռ պապիկ խաղալ, գնումներ կատարել, խորոված անել, եւ այլն:
Ամանորը հայոց հնագույն տոներից է եւ ամանորի հետ կապված կան շատ պատմություններ, լեգենդներ: Այդ ավանդույթներն ու լեգենդները արտացոլվում է նաեւ ամանորի պատրաստվող կերակուրներում: Եվ քանի որ իմ ընտանիքը պահպանում է հայկական ավանդույթները, դրա համար մենք նախընտրում ենք տանը պատրաստել հայկական ավանդական կերակուրները:
Ամանորյա գնումներին չեմ մասնակցում, քանի որ աշխատանքային գործընթացը բավականին հագեցած է, այդ իսկ պատճառով չեմ հասցնում զբաղվել ամանորյա առեւտրով: Իսկ երեխաներիս համար երբեք Ձմեռ պապիկ չեմ խաղացել:
Ձմեռ պապիկի գոյությանը հավատո՞ւմ էիք կամ եք:
Հավատով միշտ պետք է ապրել ու ունենալ երազանքներ կապված ընտանիքի, երկրի խնդիրների հետ: Ես ապրում եմ հավատքով, որ մի օր կտեսնենք էլ ավելի հզոր ու խաղաղ Հայաստան, սա այն երազանքն է, որ ամեն հայ իր սրտում ու մտքում պետք է պահի որպես սերունդների կողմից իրեն ավանդված ժառանգություն եւ պետք է ամեն ինչ անի, որ մոտեցնի դրա իրականացման պահը:




























