Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը տարեվերջյան  աշխատանքային  այցով այսօր եղավ  Տավուշի մարզում:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե մարզպետ Ա. Ղուլարյանի ուղեկցությամբ փոխվարչապետն  այցելեց սահմանամերձ Չինարի   համայնք, որտեղ ներկա գտնվեց 1992 թ-ին` այս օրը` դեկտեմբերի 29-ին,  ադրբեջանական հրետակոծությունների ժամանակ զոհված ազատամարտիկների եւ խաղաղ բնակիչների հիշատակին նվիրված հուշակոթողի բացմանը:

Քսան տարի առաջ` դեկտեմբերի 29-ին, ադրբեջանական կողմից  հարձակումների էր ենթարկվել Տավուշի մարզի ամբողջ սահմանագիծը, որի ժամանակ Չինարի  եւ հարեւան սահմանամերձ համայնքները բազմաթիվ զոհեր են տվել` պաշտպանելով սահմանները: Հուշակոթողը կառուցվել է համայնքի բարերարների ներդրումներով, համայնքապետարանի ու մարզպետարանի համատեղ ուժերով:

Փոխվարչապետն ընդգծեց մեր երկրի համար սահմանամերձ համայնքների  ռազմավարական նշանակությունը եւ նշեց, որ  այս առումով կառավարությունն առավել քան կարեւորում է սահմանամերձ գոտու համայնքների սոցիալական եւ  տնտեսական ենթակառուցվածքների զարգացումը:

Ա.Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց  սահմանամերձ համայնքի բնակիչներին, ովքեր անկախ խնդիրներից, շարունակում են ապրել այստեղ ու զարգացնել իրենց համայնքը:

Այցի շրջանակում փոխվարչապետը ծանոթացավ նաեւ տարածաշրջանի համայքներում  իրականացվող ծրագրերի ընթացքին: