Փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողով այսօր` դեկտեմբերի 29-ին, փաստաթղթեր է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Փաստաթղթերը ներկայացրել է նրա լիազոր ներկայացուցիչ` Էլեոնորա Ասատրյանը:

Ի դեպ, մեր տեղեկություններով, քիչ անց փաստաթղթերը կներկայացնի նաեւ Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը:

Նշենք, որ թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետը  հունվարի 4-ն է: Հունվարի 4-ից կսկսվի թեկնածուների գրանցման ժամկետը եւ կավարտվի հունվարի 14-ին: Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր են ներկայացրել նախագահի 9 թեկնածու`  անկուսակցական Մհեր Հայրապետյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը. «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը, քաղաքագետ, Մաշտոցի պուրակի «բուտիկները» ապամոնտաժող բրիգադի անդամ Անդրեաս Ղուկասյանը, ինքնառաջադրմամբ Պավլիկ Սարգսյանը, Մամուլի ազգային ակումբի ղեկավար Նարինե Մկրտչյանը եւ ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: