Կոֆեինն ածխաջրերի հետ կարող է բարելավել մարզական որակները, բարձրացնել դիմացկությունն ու կողմնորոշումը տարածության մեջ, ապացուցել են Շեֆիլդի համալսարանի բժիշկները:

Հետազոտության մասնակից 18-ից 22 տարեկան կամավորներն անցկացրել են երեք ֆուտբոլային հանդիպում: Առաջին խաղից հետո մարզիկները ջուր են խմել, երկրորդից առաջ` կոֆեինով հյութ, իսկ երրորդից առաջ` կոֆեինի եւ ախծաջրերի կոկտեյլ: Բժիշկները չափել են խաղացողների կոորդինացիայի, գործողությունների, վազքի, հարվածների արագությունն ու ուժը:

«Կոֆեինի եւ ածխաջրերի համադրությունը հանդիպման մասնակիցներին օգնեց խաղալ ավելի ինտենսիվ, վազել ավելի արագ, ավելի դիպուկ հարվածել եւ ավելի արագ ու ստույգ կողմնորոշվել տարածության մեջ»,- հետազոտության արդյունքները մեկնաբանել է Մեյեր Ռանկորդան, որի աշխատությունը հրապարակվել է British Journal of Sports Medicine-ում:

Նա կարծիք է հայտնել, որ միջոցը կօգնի բոլոր մարզիկներին: Գիտնականը նշել է, որ կոֆեինը ոչ տեւական արդյունք է տալիս, սակայն ածխաջրերի հետ այն կարող է ազդել ավելի քան մեկ ժամ: