Ռուս գործարար Սերգեյ Պոլոնսկուն ազատ են արձակել երկրից չբացակայելու  ստորագրությամբ:  «Նովայա գազետան» հայտնում է, որ նրան մեղադրում են խուլիգանության մեջ, փաստաբանը փորձում է բողոքարկել մեղադրանքը:

Ըստ Պոլոնսկու հիմնադրած «Պոտոկ» ընկերության ներկայացուցչի վարկածի` միջադեպը տեղի է ունեցել Կամբոջայի ամարդաբնակ կղզիներից մեկում` ամանորյա տոնակատարության ընթացքում: «Տոնական հրավառությունը գրավել է հարեւան կղզում գտնվող զինվորականների ուշադրությունը: Նրանք կղզի են եկել փաստաթղթերը ստուգելու համար, որոնք հանգստացողների մոտ չեն եղել»: Ի պատասխան Պոլոնսկին զինվորականներին առաջարկել է իրենց կղզի տանել, որպեսզի կարողանան փաստաթղթերը ցույց տալ: Զինվորականները որոշել են Պոլոնսկուն կայան տանել` ինքնությունը ճշտելու համար:  «Զինվորականների նման պահվածքը զգացմունքային Սերգեյ Պոլոնսկու կտրուկ արձագանքին են արժանացել», - մեկնաբանում են ընկերությունում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կամբոջայի ոստիկանությունը ձերբակալել է Սերգեյ Պոլոնսկուն եւ Ռուսաստանի եւս երկու քաղաքացու` տեղացի նավաստիների նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով: