Եվրոպական Միությունը ԵՄ մուտքի եւ ելքի ժամանակ առձեռն  գումարը հայտարարագրելու ոչ մի նոր կարգ չի սահմանել: Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչությունը հերքել է մի շարք լրատվամիջոցներում  հայտնված տեղեկությունը:  «Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչությունը ցանկանում է  պարզաբանել որոշ ուկրաինական լրատվամիջոցների կողմից վերջերս հրապարակված տեղեկատվությունը ԵՄ մուտքի եւ ելքի ժամանակ առձեռն  գումարը հայտարարագրելու նոր պահանջների մասին: Դա  սխալ տեղեկություն է,  իսկ հատկապես որտեղ է նշվում, թե 10000 եվրո գումարը պետք է հայտարարագրվի 2013թ. հունվարի 1-ից:  Այդ կարգավորումն ուժի մեջ է մտել դեռեւս 2007թ. հունիսի 15-ից եւ կիրառվում է ԵՄ ժամանող կամ հեռացող բոլոր  ճանապարհորդների նկատմամբ: 2013թ. հունվարի 1-ից ոչ մի նոր օրենք չի ընդունվել», - ասվում է ուկրաինական ՈՒՆԻԱՆ գործակալության ստացած պարզաբանման մեջ:

Հուվարի 2-ին Բելառուսի Եվրոպական ռադիոն հայտնել էր, որ ԵՄ-ի ողջ տարածքում հունվարի 1-ից  ֆիզիկական անձանց միջոցների տեղափոխման հայտարարագրերի համար սկսել է գործել մաքսային հռչակագրի միասնական ձեւաչափ: Նոր միջոցները բացատրվում էին հանցագործության եւ  ահաբեկչության դեմ պայքարով:  Պետք է հայտարարագրվի ոչ միայն կանխիկ եվրոն, այլեւ արժեթղթերը: Օրենքը գործում է նաեւ ԵՄ-ի տարածքով տարանցման դեպքում:  Եթե հայտարարագրում ներկայացվեն  ոչ ճշգրիտ կամ ոչ ամբողջական տվյալներ, դիմողին պատիժ է սպասվում, իսկ դրամը կարող է առգրավվել: