2012 թ. ապրիլին շահագործման հանձնված Մարմարիկի ջրամբարը լրիվ ծավալով կլցվի 2014 թ.: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման Ջրային տնտեսության պետական կոմիտեի ԾԻԳ-ի ղեկավար Ադիբեկ Ղազարյանը: Նրա տեղեկացմամբ՝ ցանկացած ջրամբարի շահագործման հանձնելուց հետո 3-5 տարի է հարկավոր փորձարկումների համար: 2012 թ. ջրամբարը լցվել է մեկ երրորդով, այնուհետ ջուրը տրվել է Հրազդանի ցեմենտի գործարանին եւ մոտ 1000 հա գյուղատնտեսական հող է ոռոգվել:

Ըստ Ա. Ղազարյանի՝ 2013 թ. մայիսին ջրամբարը կլցվի արդեն երկու երրորդով:

Նշենք, որ Մարմարիկի ջրամբարը կարեւոր տնտեսական նշանակություն ունեցող կառույց է: Այն կառուցվել էր դեռ 1974 թ., սակայն շահագործման չէր հանձնվել, քանի որ ջուր լցնելուց մի քանի օր առաջ պատվարի աջ կողմի ստորին հատվածը փլվեց: Պատվարի վերականգնման համար ծախսվեց մոտ 11 մլն դոլար, որից 9 մլն դոլար՝ Համաշխարհային բանկի վարկ, 2 մլն դոլար՝ համաֆինանսավորում Հայաստանի պետական բյուջեից: Ջրամբարը կարող է ամբարել մոտ 23 մլն խոր. մետր ջուր: Ջրամբարը լրիվ ծավալով օգտագործելու դեպքում Սեւանից ջրի բացթողումները զգալի կնվազեն: