Թաթարստանում 3 տարեկան երեխան մտել է սառնարանն ու խեղդվել այնտեղ: Դեպքը տեղի է ունեցել այսօր՝ հունվարի 8-ին, Կազանի Կրասնոկոկշայի փողոցի շենքերից մեկում: Ենթադրվում է, որ երեխան մահացել է ասֆիքսիայից:
Երեխան բնակարանում ապրում էր մոր եւ քեռու հետ:
Գիշերն արթնանալով՝ կինը նկատել է, որ երեխան անկողնում չէ, որից հետո սկսել է փնտրել երեխային: Մայրը որդուն գտել է սառնարանում՝ առանց կենդանության նշանների:
Ռուսաստանի քննչական կոմիտեի Թաթարստանի քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Անդրեյ Շեպտիցկին հայտնել է, որ ներկայումս ողբերգական դեպքի առթիվ նախաքննական ստուգում է անցկացվում: Քրեական գործ հարուցել-չհարուցելու վերաբերյալ որոշում կկայացվի, երբ քննիչները պարզեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները:




























