ԵԽԽՎ-ի ձմեռային նստաշրջանը, որը մեկնարկում է հունվարի 21-ից, հագեցած է լինելու. Հայաստանին առնչվող կարեւոր մի շարք բանաձեւեր կքննարկվեն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին տեղեկացրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ կարեւոր մի շարք հարցեր կքննարկվեն, մասնավորապես՝ Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հումանիտար-ռազմական իրավիճակի մասին բանաձեւը, Կոսովոյի իրավիճակը, ինչի հետ կապված կարելի է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի զուգահեռներ անցկացնել: ԵԽԽՎ-ի նստաշրջանի բացման օրը նաեւ ազատ բանավեճեր տեղի կունենան:

 «Զեկույցներից մեկը վերաբերում է Ադրբեջանի պարտավորություններին, մյուսը՝ Ադրբեջանի քաղբանտարկյալներին: Դրանք բավական միակողմանի եւ կողմնակալ են, Ադրբեջանը արդեն գործի է դրել խավիարա-նավթային դոլարները, որոնց շնորհիվ եվրոպացի պատգամավորները պատրաստ են աջակցելու այդ զեկույցներին», - ասել է պատգամավորը:

Զոհրաբյանը նշել է, որ հայկական պատվիրակությունը մտադիր է ակտիվ մասնակցել քննարկումներին:  Բացի դրանից, նա ընդգծել է լրատվամիջոցների ազատության մասին զեկույցի քննարկման կարեւորությունը:  Խորհրդարանականը նաեւ հիշեցրել է, որ մայիսից Հայաստանը  նախագահելու է ԵԽ-ի Նախարարների հանձնաժողովում: 

Այս նստաշրջանին հայկական պատվիրակությունը կներկայանա նոր կազմով. պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյան, Նաիրա Զոհրաբյան, Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյան, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր  Արփինե Հովհաննիսյան, իսկ փոխարինող կազմում`  «Ժառանգության» խորհրդարանական խմբակցությունից Զարուհի Փոստանջյան, ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունից պատգամավոր Արմեն Ռուստամյան, «Բարգավաճ Հայաստանից»՝ Վահե Հովհաննիսյան եւ Նաիրա Կարապետյան:

Զոհրաբյանը հույս է հայտնել, որ նոր կազմով պատվիրակությունը կաշխատի նախորդի պես  միասնական եւ արդյունավետ: