Այն, որ Հայաստանում ներկրումն ու արտահանումը հսկայական տարբերություն ունեն արդեն վաղուց հայտնի փաստ է, բայց այնուամենայնիվ փորձենք վերջին տվյալների վրա հիմնվելով բացահայտել տարբերությունը վերջին տարում: Նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով արտաքին առեւտրի շրջանառության բացասական սալտոն անցել է 2,5 մլրդ դոլարը, այն դեպքում, երբ որ արտահանումը 1,3 մլրդ դոլարից պակաս է կազմել: Փաստորեն ստացվում է, որ արտահանման ցուցանիշը գրեթե երկու անգամ փոքր է արտաքին առեւտրի շրջանառության բացասական սալտոից: Այսինքն՝ զրոյական բալանսի մոտ լինելու համար հանրապետության արտահանումը պետք է նվազագույնը եռապատկվի:
Նախորդ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հայրենական արտադրողները արտահանել են 386,5 մլրդ դրամի ապրանք: Այս թվում չի հաշվված ավելացրած արժեքի հարկն ու ակցիզային հարկը:
Հատկանշական է, որ արտադրության ծավալի եւ արտահանման միջեւ տարբերությունը կազմել է մոտ 605,4 մլրդ դրամ:
Հայաստանից արտահանվել է արտադրված ալկոհոլային խմիչքների 67 տոկոսը: Այս ցուցանիշն ապահովում է հիմնականում հայկական կոնյակը, որի արտահանումը կազմել է 93,5 տոկոս: Գինու ցուցանիշն անհամեմատ ավելի համեստ է՝ մոտ 6 տոկոս: Օղին արտահանվել է 13,2 տոկոս:
Արտահանման առյուծի բաժինը նախկինի պես ապահովում է մետալուրգիան: Արտադրված մետաղը Հայաստանից արտահանվել է 90 տոկոսով: Բավական չէ, որ արտադրված գրեթե ամբողջ մետաղն արտահանվում է, այն դուրս է բերվում առաջնային մշակումից հետո:
Նախորդ տարի արտահանման մեջ առաջատար է եղել կրկին մետալուրգիայի ոլորտը: Մետաղի տեսակարար կշիռը կազմել է 36,7 տոկոս: Լեռնահանքային ոլորտի ցուցանիշը կազմել է 25,3 տոկոս: Այսպիսով այս երկու ոլորտն ապահովել են Հայաստանի արդյունաբերության արտահանման 62 տոկոս:




























