Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ։ Ուղերձում ասվում է․ 

«Սիրելի՛ հայրենակիցներ, 

Ի սրտե շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ 

Անկախությունը մեր պետականության կարևորագույն արժեքներից է, իսկ դրա ամրապնդումն ու զարգացումը հնարավոր են միայն այնպիսի հասարակության պայմաններում, որտեղ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, լիարժեք երաշխավորումը, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքը և իրավունքի գերակայությունը հաստատուն արժեքներ են։ 

Այս ճանապարհին առանձնահատուկ կարևորություն ունեն փոխադարձ հարգանքը, հավասարությունը, հանդուրժողականությունը և խտրականության որևէ դրսևորման բացառումը։ 

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ իմ հանձնառությունը՝ շարունակելու հետևողական աշխատանքը յուրաքանչյուր անձի իրավունքների և ազատությունների պաշտպանության ու խթանման, մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի ամրապնդման և իրավունքահեն հասարակության ձևավորման ուղղությամբ։ 

Վստահ եմ` մարդու իրավունքների երաշխավորման մշակույթի հետևողական ամրապնդումը, հանրային համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված միջավայրի ձևավորումը կարևոր նշանակություն ունեն մեր պետության կայուն զարգացման և ժողովրդավարական արժեքների ամրապնդման համար։ 

Սիրելի՛ հայրենակիցներ, 

Կրկին շնորհավորում եմ Անկախության օրվա առթիվ՝ մաղթելով խաղաղություն և իրավունքահեն արժեքների վրա հիմնված հասարակական միջավայր: 

Թող մեր անկախ պետականությունն ամրանա մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության, իրավունքի գերակայության և յուրաքանչյուր մարդու արժանապատվության նկատմամբ հարգանքի ամուր հենքի վրա։ 

Շնորհավո՛ր Անկախության տոնը»։