Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) հայտնում է, որ սեպտեմբերի 21-ի լույս գիշերը ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Զապորոժիե քաղաքին։ Հրետակոծության հետևանքով վնասվել է երկու իննահարկ բնակելի շենք, որոնցում հրդեհ է բռնկվել։ Հրդեհվել են նաև առևտրի կենտրոններից մեկն ու բարձրագույն ուսումնական հաստատության շենք։ Ընդհանուր առմամբ տուժել է հինգ մարդ, ևս հինգը փրկվել են, իսկ 14-ը՝ տարհանվել այրվող շենքերից։ «Ներկայումս ընթանում են հակառակորդի հարձակման հետևանքների վերացման աշխատանքները»,- նշել են ԱԻՊԾ-ում։
Նախորդ երեկոյան ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կիևի և Կիևի մարզի վրա։ Ուկրաինայի մայրաքաղաքում, ըստ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի, մեկ կին է տուժել։ Մարզի երեք՝ Ֆաստովի, Բուչայի և Օբուխովի շրջաններում հրդեհներ են բռնկվել արդյունաբերական գոտու տարածքում, ավտոսպասարկման կայանի շենքում և մեկ մասնավոր տան մեջ։ ԱԻՊԾ-ն հրդեհները մարելու մասին հայտնել է միայն սեպտեմբերի 21-ի առավոտյան։ Զոհեր և վիրավորներ չկան։ Բացի այդ, նախորդ երեկոյան ռուսական զորքերը երկու անգամ հարվածել են Սումի քաղաքին։ Հարվածներից մեկը հասցվել է բազմահարկ բնակելի շենքի հարևանությամբ։ Զոհվել է մեկ կին, իսկ նրա ամուսինը ստացել է բազմաթիվ բեկորային վնասվածքներ, հայտնել է մարզային վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը։
Ավելի վաղ ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ի պատասխան սեպտեմբերի 20-ին Մոսկվայի վրա ուկրաինական հարձակման, ռուսական բանակը կուժգնացնի Ուկրաինային հասցվող հարվածները։ Ըստ գերատեսչության՝ Ուկրաինայի զինված ուժերը (ՈՒԶՈՒ) Ռուսաստանի վրա հարձակվել են 8 «Ֆլամինգո» թևավոր հրթիռով և 1951 անօդաչու թռչող սարքով՝ Պետդումայի ընտրություններում «քաղաքացիների ժողովրդավարական կամարտահայտությունը տապալելու նպատակով»։ Միևնույն ժամանակ, ՊՆ-ում ընդգծել են, որ «Մոսկվայի վրա զանգվածային հարձակման փորձը ձախողվել է», և «հակառակորդը չի հասել իր նպատակներին»։ Իշխանությունները, սակայն, հայտնել էին, որ հրետակոծության հետևանքով զոհվել է երեք, տուժել՝ ևս 41 մարդ, այդ թվում՝ վեց անչափահաս։
Հարձակման ընթացքում խոցվել է Կապոտնյայում գտնվող «Գազպրոմ նեֆտ»-ի մոսկովյան նավթագործարանը, որտեղ հրդեհ է բռնկվել։ Հարվածների են ենթարկվել նաև Ձերժինսկու ՋԷԿ-22-ը և Ռամենսկի շրջանի մի խոշոր պահեստ։ Դրանից հետո Մոսկվայում «Գազպրոմ նեֆտ»-ի բենզալցակայաններում բենզինը սկսել է սպառվել։





























