Իջեւան համայնքի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանի ոսկեղենի խանութում դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը կատարված գողությունը մինչ օրս բացահայտված չէ: Այս մասին NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում ասաց խանութի սեփականատեր, ավագանու անդամ Արտակ Խաչատրյանը: «Հլա որ ոչ մի կոնկրետ նորություն չկա, ինձ որ ոստիկանությունից բան չեն ասել»,-ասաց նա, հավելելով, որ խանութից գողացել են շուրջ 60 մլն դրամի ոսկեղեն:
Արտակ Խաչատրյանի փոխանցմամբ ոսկեղենի խանութը պայմանագիր է ունեցել ոստիկանության պահպանության բաժնի հետ, եւ այդ օրը եւս տարածքը հսկվել է, ինչպես ամեն օր, սակայն թե ինչպես է դեպքը կատարվել, չկարողացավ ասել. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, թե որտեղ է եղել հսկող ոստիկանները…»: Նշենք, որ խանութում տեղադրված են եղել նաեւ անվտանգության համակարգ, որը սակայն այդ օրը չի աշխատել: Թալանված խանութը գտնվում է Իջեւան քաղաքի կենտրոնում՝ շուկայի հարեւանությամբ:





























