Այսօր` հունվարի 9-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում  տեղի է ունեցել արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 25-րդ տարեդարձի տոնակատարության պետական հանձնաժողովի հերթական նիստը։

ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նիստի աշխատանքը վարել է  Ազգային ժողովի նախագահ, պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը։

Ի կատարումն նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածության եւ տրված հանձնարարականի` հանձնաժողովի անդամները ներկայացրել են տոնակատարության միջոցառումների համալիր ծրագրի մշակման համար նախատեսված իրենց գրավոր առաջարկությունները։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն ներկայացված առաջարկությունների շուրջ, որի ընթացքում հնչել են տարաբնույթ տեսակետեր։  Արդյունքում ամբողջացվել եւ նիստի մասնակիցների ուշադրությանն է ներկայացվել տոնական միջոցառումների ծրագրի նախնական տարբերակը։

Քննարկելով այն՝ հանձնաժողովը նպատակահարմար է գտել առաջիկա նիստում վերստին անդրադառնալ ծրագրի նախագծին՝ նախատեսված միջոցառումների բեմագրի համաձայնեցման եւ նոր առաջարկությունների ներկայացման պարագայում այն համալրելու համար։

Տրվել են կազմակերպչական բնույթի հանձնարարականներ։