Այսօր` հունվարի 10-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի` Հայաստանի նախագահի 2013թ. փետրվարի 18-ի ընտրություններին դիտորդական առաքելության հիմնական կազմին: 

ԿԸՀ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով պատվիրակության անդամներին, Տիգրան Մուկուչյանն ընդգծել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կարեւորությունը գալիք ընտրությունների ժամանակ: Բարձր գնահատելով դիտորդական առաքելությունների դերն ու նշանակությունը` Տիգրան Մուկուչյանը ներկայացրել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացված ընտրությունների կազմակերպման եւ անցկացման նախապատրաստական աշխատանքները: Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԸՀ նախագահը հատկապես կարեւորել է տեղամասային եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների համար նախատեսված մասնագիտական դասընթացները, հանրային իրազեկման եւ հանրային վստահության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Թալիավինին իր հերթին, ներկայացնելով առաքելության նպատակները, տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները, որոնք անմիջապես կանցնեն իրենց գործառույթների իրականացմանը, կայցելեն ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ` ծանոթանալու վերջիններիս աշխատանքներին: