Հակադարձելով ընդդիմադիրների այն պնդմանը, թե նախագահի թեկնածուների մի մասին առաջ են քաշել իշխանությունները, Հանրապետական կուսակցության խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այդ պնդումները «անհեթեթեություն» է որակել, հավելելով, որ նման կարծիք արտահայտողների տրամաբանությունը չի հասկանում:
Անդրադառնալով ընդդիմադիրների այն պնդմանը, թե առաջադրված թեկնածուները Սերժ Սարգսյանի համար լուրջ մրցակիցներ չեն, Շարմազանովը նշել է. «Իսկ ո՞վ պետք է դներ, որ լուրջ մրցակցություն լիներ։ Չեմ կարծում, որ ովքեր որ թոշակի են գնացել, կամ հրաժարվել են առաջադրվել, ավելի մեծ շանսեր կարող էին ունենալ, քան նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կամ նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը»:
Հարցին, թե ինչո՞վ է բացատրում թեկնածուների աննախադեպ մեծ թիվը, ՀՀԿ խոսնակը պատասխանել է․ «Մեկն ուզում է հիշվել, մեկն ուզում է ինքնահաստատվել, մյուսը ուզում է իր կարծիքն արտահայտել։ Բայց ես գոնե երեք-չորս թեկնածու տեսնում եմ, որոնք կարող են դրական ծրագրային դրույթներ ներկայացնել եւ ես կարծում եմ, որ թե՛ Բագրատյան Հրանտը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, Պարույր Հայրիկյանը, ի զորու են շատ լուրջ կարծիքներ եւ ծրագրեր առաջարկելու մեր հասարակությանը, բայց, բնականաբար, անկախ ամեն ինչից պայքարը գնալու է երկրորդ տեղի համար», հաղորդում է «Ազատությունը»:




























