Այսօր՝ հունվարի 10-ին, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Հեյդի Տալյավինիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը դրական է գնահատել Հայաստանի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջեւ հաստատված համագործակցությունը եւ շնորհակալություն է հայտնել Հայաստանում ընտրական գործընթացների կատարելագործման ուղղությամբ կառույցի կողմից ցուցաբերվող աջակցության համար:

Նախարար Նալբանդյանը վերահաստատել է փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները միջազգային չափանիշներին համապատասխան անցկացնելու ՀՀ իշխանությունների վճռականությունը։ Նա ընդգծել է, որ միջազգային կառույցների հետ համագործակցաբար ծավալուն բարեփոխումներ են իրականացվել՝ մասնավորապես անցյալ տարի կայացած խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ ընդունվել եւ ուժի մեջ է  մտել  նոր Ընտրական օրենսգիրքը, որն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի հավանությանը։

Դեսպան  Տալյավինին շնորհակալություն է հայտնել դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին ՀՀ կառավարության կողմից հղած հրավերի համար եւ վստահեցրել, որ դիտորդական առաքելությունը անաչառ կլինի:

Նախարարը նշել է, որ անցյալ տարվա խորհրդարանական ընտրությունները դրական են գնահատվել միջազգային կառույցների կողմից, որոնք նաեւ համապատասխան առաջարկություններ են արել ընտրական գործընթացները բարելավելու նպատակով։ Այդ առաջարկությունների իրագործման համար  անցյալ տարվա օգոստոսին ՀՀ Նախագահի որոշմամբ ստեղծվել է հատուկ աշխատանքային խումբ, որի կողմից արդեն իսկ կարեւոր աշխատանք է կատարվել։

Դիտորդական առաքելության ղեկավարը տեղեկացրել է, որ մոտ ապագայում Հայաստան կժամանեն ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության կազմում ընդգրկված երկարաժամկետ դիտորդները, ու դիտորդական առաքելությունը կսկսի աշխատել ամբողջական ծավալով. նախատեսվում է, որ ընտրությունների ընթացքին կհետեւեն 24 երկարաժամկետ եւ շուրջ 250 կարճաժամկետ դիտորդներ:

Նախարար Նալբանդյանն, իր հերթին, վերահաստատել է ԱԳՆ պատրաստակամությունը, իր իրավասությունների շրջանակներում, օժանդակելու դիտորդական առաքելության աշխատանքներին: